ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի թանգարանը հարստացրեց խորհրդային շրջանի ցուցանմուշներով: Թանգարանի «ԽՍՀՄ-ի մասին պատմում են ցուցանմուշները» ժամանակավոր ցուցադրության մաս կազմող իրերն առաջին տիկինը ձեռք է բերել Վերնիսաժից: «Այս ցուցանմուշները մի տղամարդ էր վաճառում: Ես գնեցի՝ մտածելով, որ դրանք պետք կգան, ապա հիշեցի Կարեն Դեմիրճյանի թանգարանի մասին եւ ցուցանմուշները սիրով նվիրեցի»,-թանգարանում շրջայցի ժամանակ մտահղացման մասին պատմեց Ռիտա Սարգսյանը:
405 ցուցանմուշների շարքում նամականիշներ են, թղթե եւ մետաղադրամներ, կլիշեներ, նկարներ եւ այլն:
Կարեն Դեմիրճյանի մտերիմներից մեկի՝ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանի խոսքով` Մշակույթի բնագավառը հոգածության կարիք ունի, եւ այդ առումով առաջին տիկինը շատ մեծ աշխատանք է կատարում:
Կարեն Դեմիրճյան հիմնադրամի խորհրդի որոշմամբ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, առաջին տիկնոջը շնորհեց Կարեն Դեմիրճյանի անվան հուշամեդալ:
«Այս բոլոր նմուշները շատ խոսուն են եւ այնքան բան են պատմում անցյալի մասին: Ես համարում եմ սա մարդկային , քաղաքացիական մի գեղեցիկ քայլ: Այն, թե ինչպես դուք հիշեցիք մեր մասին, տեսաք այս իրերը եւ գնեցիք, այն, թե ինչպես ուրախացած բերեցիք եւ ինչպես ուրախանում եք հիմա, շատ բանի մասին են խոսում: Այս քայլով դուք մի նոր եզրով երեւացիք: Սա մի քայլ է, որն ամրապնդում է պատմության շղթան»,-իր խոսքում ասաց Ռիմա Դեմիրճյանը: