Այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելն ուղղակի սխալ է. Ռոբերտ Քոչարյան


Այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելն ուղղակի սխալ է. Ռոբերտ Քոչարյան
Դեկտեմբեր 5 00:34 2020

Պատմության մեջ ես հիշում եմ մեկ դեպք, երբ պետությունը պարտվել է, և իշխանությունը չի փոխվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, «5–րդ ալիք» հեռուստաընկերությանը   տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Դա Իրաքի առաջին պատերազմն էր 1991 թվականին։ Սադամ Հուսեյնը մնաց իշխանության՝ իր ողջ տոտալիտար համակարգն օգտագործելով։ Հետո վատ ավարտեց՝ կախեցին։ Հիմա օրինաչափությունը սա է՝ պարտված իշխանությունը, կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը պետք է փոխվի։ Պետք է փոխվի հենց հանուն այդ ժողովրդի։ Գիտե՞ք, այսօր վարչապետի դեմքը մարմնավորում է մեր այս խայտառակ պարտությունը։ Իր՝ ամեն անգամ լայվ դուրս գալով, ամեն անգամ էկրանին երևալով կամ «Ֆեյսբուքում» մի պոստ դնելով՝ ինքն իր դեմքով հիշեցնում է, որ մենք պարտված ազգ ենք, ամեն մի զոհված ընտանիքի հիշեցնում է՝ ով է մեղավոր այդ զոհերի համար։ Եվ ժողովրդին, ընդհանրապես՝ պետությանն ազատելու համար այդ բեռից, ինքը պետք է հեռանա։ Որ ամեն անգամ իրեն տեսնելով, մենք մեզ չզգանք պարտված ազգ։ Որովհետև ինքն իր դեմքով մարմնավորում է պարտությունը։ Այլ կերպ չի կարող լինել։

Հոգեբանները լավ գիտեն, որ երբ հանցագործի նկարը ցույց են տալիս զոհին, նույնիսկ նկարը նայելով՝ զոհը գրեթե նույն ցավն է ապրում։ Հիմա մեր վարչապետի դեմքն այդ ցավն է, մենք հիմա դատապարտված ենք ամեն օր այդ ցավը վերապրե՞լ։ Գոնե ժողովրդի նկատմամբ, եթե մի փոքր հարգանք ունես, հեռացիր։ Երաշխիքնե՞ր են պետք քո անվտանգության, ասա, որ երաշխիքներ պետք է տալ, այդ, այսպես ասած՝ «հումանիտար միջանցքը» պետք է տալ։ Թիմ կոչեցյալի մարդիկ պետք է հասկանան, որ լավ, Հուսեյնի պես չեն կախելու։ Բայց հեռացիր, ուղղակի ազատեք այս ժողովրդին ձեր կերպարներից։ Սա օրվա պահանջ է։

Ինչ վերաբերում է լուծումներին։ Ակնհայտ է, որ այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելն ուղղակի սխալ է։ Մենք տեսանք՝ էյֆորիայի տակ ընտրությունների արդյունքում ինչ ունեցանք և այդ փորձն արդեն ունենալով՝ պետք է հասկանանք, որ ժամանակ է պետք ավելի հանգիստ վիճակում ընտրություններ կազմակերպելու համար։

Որ այս իշխանությունն այլևս լեգիտիմ չէ, որ այս խորհրդարանն այլևս չի արտացոլում ժողովրդի կարծիքը, ևս ակնհայտ է։ Բայց գոնե մեկ տարի ժամանակ է պետք հանգիստ վիճակում, ռացիոնալ դաշտում ընտրություն կատարելու համար։

Ես ողջունում եմ ընդդիմադիր ուժերի այդ որոշումը և կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող է կատարել։ Սա պաշտոնի կռիվ չէ։ Ես չեմ նախանձում որևէ մեկին, որն այս մեկ տավա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ։ Չեմ նախանձում որևէ մեկին և առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին։ Սա մի առաքելություն է, որը պետք է կարողանան իրենք պատվով կատարել և կրկնեմ՝ ինքն այն մարդն է, որն իր անցած ճանապարհով հույս է ներշնչում, որ ի վիճակի է դա անել։

Իմ բոլոր կողմնակիցներին ես, ուղղակի օգտվելով առիթից, կոչ եմ անում ակտիվ մասնակցել բոլոր քաղաքական գործընթացներին, որոնք ուղղված են այս իշխանությանը պաշտոնանկ անելուն, բոլոր քաղաքական գործընթացներին։ Եվ իհարկե՝ նաև կոչ եմ անում աջակցել Վազգեն Մանուկյանին այս ծանր առաքելության մեջ՝ և՛ դրան հասնելու համար, և՛ իրականացնելու համար»։

 

Անդրադառնալով իր մասնակցությանը քաղաքական գործընթացներին՝ Քոչարյանը պատասխանեց. «Իմ բոլոր հնարավորություններով փորձելու եմ անել ամեն ինչ, որ այս ծանր ժամանակահատվածը երկիրը հաղթահարի։ Անմասն չեմ մնալու, անկասկած»։



loading...