Մենք թիզ-թիզ հող ենք տալիս․ ԲՀԿ-ական պատգամավորները Սոթքում են


Մենք թիզ-թիզ հող ենք տալիս․ ԲՀԿ-ական պատգամավորները Սոթքում են
Նոյեմբեր 27 18:20 2020



«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արման Աբովյանն այցելել են Սոթք՝ տեղում պարզելու իրավիչճակը։ Ոսկու հանքավայրի աշխատակիցների հետ հանդիպելուց եւ զրուցելուց հետո պատգամավորները ցանկություն հայտնեցին մոտենալ դարպասներին ու հանդիպել ռուս խաղաղապահներին։

«Մենք օրական տեղեկանում ենք, որ այս գյուղն էլ, այս հատվածն էլ, մյուսն էլ եւս պիտի հանձնվի թշնամուն։ Երեկ մենք լսեցինք ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին, այսօր ես նրան խորհուրդ եմ տվել ուսադիրները պոկել, իր՝ Արցախի հերոսի կոչումը տանել Եռաբլուր, եւ այնտեղ մի բուռ հող ուտել, էդ ի՞նչ էր նշանակում՝ մեզ դուրս հրավիրեցին, մենք տեղյակ չենք, դե հիմա էդպես եղավ, սա ի՞նչ է, այսինքն՝ մենք թիզ-թիզ հող ենք տալիս»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցի զինվորականները մտել են Սոթքի հանքավայրի տարածք եւ հայերից պահանջել՝ լքել տարածքը, քանի որ այն այլեւս Ադրբեջանի տիրապետության տակ է։ ՀՀ պաշտպանության նախարարությունն ու վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը շտապեցին հերքել այս տեղեկությունները՝ վստահեցնելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ավելի ուշ, սակայն, տարածվեցին տեսանյութեր՝ ինչպես են ադրբեջանական ավտոմեքենաները շարժվում դեպի Հայաստանի տարածք, ինչպես նաեւ կադրեր արդեն Սոթքի հանքավայրից, որտեղ երեւում էին ադրբեջանցի զինվորականները։

Դրանից հետո ՊՆ-ն արդեն չէր հերքում այս տեղեկությունը՝ նշելով, որ ադրբեջանցիները ոչ թե ներխուժել են հանքի տարածք, այլ պարզապես եկել են հայերի եւ ռուսների հետ համատեղ հայ-ադրբեջանական սահմանի պաշտոնական սահմանազատում անելու։

 

 Ավելի ուշ, ՊՆ ներկայացուցիչը, ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ Սոթքի հանքավայրի մի մասն անցնելու է ադրբեջանական վերահսկողության ներքո։



loading...