Նիկոլ Փաշինյանը իրականում հայտարարել է հրաժարականի մասին


Նիկոլ Փաշինյանը իրականում հայտարարել է հրաժարականի մասին
Նոյեմբեր 25 20:11 2020

«Իմ կարծիքով, հայ հասարակությունը համաձայն է նրա հետ, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է այդ փաստաթուղթը, ուրիշ իրական այլընտրանք չի եղել, որն ավելի լավը կլիներ մեզ համար»,- ռուսական «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտնի փաստաթղթին։

 

 

Սա նոր գաղափար չէ, որ շրջանառվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Սկսած նոյեմբերի 9-ին խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման մասին ազդարարող տեքստից մինչև դրան հաջորդած իշխանական չքմեղացումներ, կրկնվում է նույն միտքը՝ այդ փաստաթղթին այլընտրանք չկար։ Կրկնվում է ստորաբար ու նենգորեն, որովհետև այդ մտքին կցվում է այն մտագարությունը, թե այլընտրանքը նոր հազարավոր զոհերն էին։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը սեփական տապալումը, շուրջ 5 հազար զոհերի հասցրած պատերազմի անփառունակ ավարտը փորձում է վաճառել հասարակությանն այն փաթեթավորմամբ, թե ինքն ուղղակի փրկչական դեր է կատարել՝ ստորագրելով այդ փաստաթուղթը և փրկելով հազարավոր զոհերի։ Թաքնված միտքն ակնհայտ է ու ամենևին թաքնված չէ՝ հասարակությունը պետք է շնորհակալություն հայտնի Նիկոլ Փաշինյանին այն բանի համար, որ նա կարող էր շարունակել իր արկածախնդրությունը և զոհել ևս 5 կամ 10 հազար զինվորների կյանքեր։

 

 

Նիկոլ Փաշինյանը հավատարիմ է իր տեսակին ու կերպին։ Նա շարունակում է երկիրը ղեկավարել էժանագին հոդվածագրության սկզբունքով։ Տրամաբանության հիմքում պարզունակ շանտաժն է․ եթե հոդվածի դեպքում դա արտահայտվել է հոդվածի հերոսի հասցեին զրպարտությամբ, որը կամ որի բացառումը վաճառվել է նույն այդ հերոսին, ապա հիմա հերոսի դերում հասարակությունն է, որին վաճառվում է հնարավոր զոհերի փրկության մասին զառանցանքը։ Գործարքի գինը իշխանությունն է, Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությանը մնալու հնարավորությունը։

 

Եվ հիմա գնդակը հասարակության դաշտում է՝ կամ նա կընդունի Նիկոլ Փաշինյանի առաջարկած գործարքն ու կգնի «կեղծ փրկության» թեզը, կամ առաջին ու վերջին անգամ չի տրվի Փաշինյանի մանիպուլյացիային՝ վճարելու փոխարեն՝ համապատասխան վճար պահանջելով Նիկոլ Փաշինյանից։ Գինը կրկին իշխանությունն է։

 

Այլընտրանքի բացակայության մասին Նիկոլ Փաշինյանի պնդումն իրականում սեփական իշխանության տապալման մասին արձանագրում է։

 

Քաղաքականությունն ընդհանրապես, իշխանությունը՝ մասնավորապես, այլընտրանքների որոնման արվեստ է։ Հենց այլընտրանքների ինստիտուտն է ընկած կառավարման փիլիսոփայության հիմքում։ Անգամ դասական սահմանմամբ, կառավարչական որոշումը հնարավոր այլընտրանքներից մեկի ընտրության գործընթացն է։ Հետևաբար, այն պահին, երբ կառավարող սուբյեկտը արձանագրում է այլընտրանքի բացակայությունը, ճիշտ այդ պահին այն պետք է վայր դնի լիազորությունները և հեռանա, որովհետև՝ չկա այլընտրանք, չկա կառավարում։ Իմա՝ առանց այլընտրանքի իշխանությունն այլևս իշխանություն չէ։ Եվ ուրեմն, հայտարարելով այլընտրանքի բացակայության մասին, Նիկոլ Փաշինյանն իրականում հայտարարել է սեփական հրաժարականի մասին։ Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։ Հիմա արդեն հասարակությունը պետք է որոշի՝ կա՞ արդյոք այլընտրանք Նիկոլ Փաշինյանին, թե՞ ոչ։

Այլընտրանք չունեցող հասարակությունները սովորաբար չեն ունենում նաև պետականություն և զարգացման հեռանկար։ Պատմությունը չի ներում այլընտրանք չունեցող հասարակություններին։

 

Հարություն Ավետիսյան

 

Հ․Գ․ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական կարիերան 2000-ականներին սկսել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությամբ, որի հիման վրա ձևավորվել է «Իմպիչմենթ» դաշինքը։ «Այլընտրանքով» հրապարակ ու իշխանության եկած գործիչն այսօր հայտարարում է այլընտրանքի բացակայության մասին։ Եվ ուրեմն հասարակությանը մնում է իրագործել նրա քաղաքական ճանապարհի մյուս հանգրվանի կարգախոսը՝ իմպիչմենթ։



loading...