Ինչո՞վ են հայտնի ԱԳՆ և ՊՆ նորանշնակ նախարարները


Ինչո՞վ են հայտնի ԱԳՆ և ՊՆ նորանշնակ նախարարները
Նոյեմբեր 21 23:31 2020

Lurer.com-ը  գրում է․

Հայտնի է ՀՀ Պն նոր ղեկավարի անունը. նա, ինչպես և սպասվում էր, 1999-2000 թթ. պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն է, ում ժամանակին աշխատանքից ազատել է և աստիճանազրկել Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու մեղադրանքով։ Նա նշանակվել էր Վազգեն Սարգսյանի կողմից, երբ որ նա դարձավ վարչապետ։ Եվ ազատվել է վարչապետ Արամ Սարգսյանի հետ 2000 թվականի մայիսին։ 2018թ-ի վերջերին և 2019թ-ի սկզբին նրա անունը ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում շրջանառվում էր որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում գեներալ Յուրի Խաչատուրովի հավանական փոխարինող։ Բայց այն ժամանակ լուրերը գործնական լուծումների չվերածվեցին։

Իսկ այսօր Հարությունյանն առանձնահատուկ պաշտոնյա է դարձել Հայաստանի իշխանական հիերարխիայում։ Չնայած ընդդիմադիր գործունեության փորձին` նախկին նախարարին դժվար է քաղաքական առումով ծայրահեղական անվանել։ Գեներալը հետևողական էր այն հարցում, որ Հայաստանը ռազմավարական ընտրություն է կատարում հօգուտ Ռուսաստանի։ Նա հաճախ է մասնակցել Մոսկվայում անցկացվող տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ համաժողովներին, որտեղ կշռադատված գնահատականներ է հնչեցրել, ընդհանուր առմամբ, Կովկասյան տարածաշրջանի, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։ Վաղարշակ Հարությունյանը այս ընթացքում բազմաթիվ հարցազրույցներ է տվել, խոսել տարբեր կարևորագույն թեմաների մասին և այն, թե ինչ մոտեցում ունի նորանշանակ ՊՆ ղեկավարը այս կամ այն հարցի, խնդրի շուրջ՝ թույլ է տալիս ավելի լավ պատկերացում կազմել, թե ում է այս դիրքը վստահել Նիկոլ Փաշինյանը:


Դիցուք՝ ի՞նչ է ասել Վաղարշակ Հարությունյանը հոկտեմբերի 27-ի մասով: Նա կարծում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հանգեցրել են երեք գործոն. նախ` Ղարաբաղյան հակամարտության Մեղրիի տարբերակը, այնուհետև իշխանություն պահելու խնդիրը և, իհարկե, ֆինանսական կորուստների հարցը: 


Խոսելով ՀԱՊԿ մասին` Հարությունյանը մշտապես այն անվանել է ՀՀ անվտանգության երաշխավոր: ՌԴ-ն էլ, ըստ Վաղարշակ Հարությունյանի, տարածաշրջանի անվտանգության միակ երաշխավորն է: Նշենք, որ մինչ վարչապետի պաշտոնը զբաղեցնելը Նիկոլ Փաշինյանը չէր կիսում այդ կարծիքը: Միևնույն ժամանակ Վաղարշակ Հարությունյանը հայտարարում էր, ո ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում Հայաստանը որևէ կաշկանդվածություն չունի: 

Ի մի բերելով Վաղարշակ Հարությունյանի մոտեցումները Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ` նշենք, որ հարցազրույցներից մեկում Հարությունյանը ասել է հետևյալը. «Ցավոտ լուծումը ես տեսնում եմ հետեւյալում, որ Ղարաբաղի անկախ կարգավիճակի դիմաց պետք է տրամադրվեն տարածքներ: Սա է, ուրիշ ցավոտ լուծում ես չեմ էլ կարող ենթադրել: Եթե մենք բանակցում ենք, ապա հարց է առաջանում՝ ինչ է զիջում Ղարաբաղը, Հայաստանը, ինչ է զիջում Ադրբեջանը: Սակայն հիմա զիջումների մասին խոսելը համարում եմ վաղաժամկետ: ի դեպ, Հարությունյանը ժամանակին հայտարարել է, որ եթե զիջենք Արցախում՝ հաջորդ պատերազմը լինելու է Հայաստանի տարածքում: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



loading...