Բայրաքթարները ակտիվ կիրառվել են 2019 թվականից, դրանց դեմ պայքարի միջոցներ գտնելը ոչ թե նախկին, այլ ներկա իշխանությունների գործն էր. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ)


Բայրաքթարները ակտիվ կիրառվել են 2019 թվականից, դրանց դեմ պայքարի միջոցներ գտնելը ոչ թե նախկին, այլ ներկա իշխանությունների գործն էր. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ)
Նոյեմբեր 21 23:26 2020

Վերջին պատերազմի քարոզչական թեզերից մեկն այն էր, որ վերջին երկուսուկես տարում Հայաստանում ավելի շատ զենք է գնվել, քան 30 տարում: Իշխանությունները տարբեր առիթներով հանրությանը համոզում էին, որ իրենց իշխանությունը 2.5 տարվա ընթացքում ձեռք է բերել նորագույն հակաօդային միջոցներ, որոնք Արցախի երկինքը դարձնում են ավելի պաշտպանված, քան երբևէ։ Ռազմական փորձագետները, սակայն, հակադարձում են:

«Այդ թեզը, ինչպես և Նիկոլ Փաշինյանի բոլոր քարոզչական թեզերը, պրիմիտիվ մանիպուլյացիա է», - նշում է «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

44 օր տևած Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանն Արցախի դեմ կիրառում էր մեծ քանակությամբ անօդաչուներ, որոնց «զգետնումը» հայկական կողմի համար, պարզվեց, բարդ գործ էր․ տեխնիկապես լավ զինված չէինք։ Վարչապետ Փաշինյանը Արցախի կապիտուլյացիայի հայտարարությունից հետո հայտարարեց՝ պարտվեցինք, որովհետև նախկինում գողացել էին զինվորից։

Արցախյան այս պատերազմում զինատեսակների բալանսը խախտեցին անօդաչուները, որոնցով վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը հետևողականորեն զինվել էր։  Թշնամին իր զինանոցը վերջին երկու տարվա ընթացքում համալրեց թուրքական բայրաքթարներով, որոնք էլ կիրառեց Արցախի դեմ պատերազմում։

«Կոնկրետ «Բայրաքթարները» սկսել են աշխատել 2019 կամ գուցե 2018 թվականից: Ներկա իշխանությունն ուներ երկուսուկես տարի՝ այդ մարտահրավերն ընդունելու ու պատշաճ զինվելու համար», - ասում է Կարեն Վրթանեսյանը՝ նշելով, որ դրանց դեմ պայքարի միջոց գտնելը ոչ թե նախկին, այլ ներկա իշխանության գործն էր։

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում։