Ռուսաստանը մեր հակառակորդներին զգուշացրել է՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները կարմիր գիծ են իր համար.1in.am


Ռուսաստանը մեր հակառակորդներին զգուշացրել է՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները կարմիր գիծ են իր համար.1in.am
Նոյեմբեր 4 13:52 2020

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Նոյեմբերի 1-ին և 2-ին տեղի են ունեցել Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները նախ Նիկոլ Փաշինյանի, ապա Իլհամ Ալիևի հետ: Զրույցների ընթացքում հանգամանորեն քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում:

 

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 22-ին մասնակցելով «Վալդայ» ակումբի քննարկումներին՝ Պուտինն ասել է, որ «Ռուսաստանից ավելի շատ ոչ ոք հետաքրքրված չէ ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ»: Նա ասել է նաև, որ մշտական շփման մեջ է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: «Ամեն օր մի քանի անգամ եմ խոսում նրանց հետ»,- ասել էր Ռուսաստանի ղեկավարը:

Նշենք նաև, որ երեկ ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի և Հայաստանի հարավային սահմանին գտնվող Դավիթ-Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել:

 
 

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Ռուսաստանը ֆորմալ առումով իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարում է: «Իհարկե, այն միջադեպերը, որ տեղի են ունենում անմիջապես Հայաստանի տարածքում, հրապարակային ու պաշտոնական առումով մնում են անարձագանք։ Բայց մենք ըստ էության չենք կարող համարել, որ Հայաստանի տարածքը հանդիսանում է մարտադաշտ։ Այո՛, հարվածներ են տեղի ունենում, բայց չենք կարող ասել, որ մարտադաշտ է։ Այդ իմաստով Ռուսաստանն իրեն ապահովագրել է՝ մի կողմից, և մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը նաև զգուշացրել է Հայաստանի հակառակորդներին, որ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանները կարմիր գիծ են իր համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ այժմ կարող ենք իրավիճակը գնահատել հետևյալ կերպ՝ բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ դատարկ. «Դա արդեն գնահատականի հարց է, բայց ըստ էության իրերի դրությունն այդպիսին է»։

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ ինտենսիվ շփումներին, քաղաքագետն ասաց. «Ես չեմ կարող ասել, թե դրանք ինչ արդյունք կտան, բայց որ դրանք պայմանավորված են Ռուսաստանի կողմից պատերազմական իրադարձությունների խորը տագնապով՝ միանշանակ է։ Հետևաբար այնքանով, որքանով Ռուսաստանի ռազմաքաղաքական ներուժը թույլ է տալիս, փորձելու է դադարեցնել պատերազմն իր սահմաններին՝ միևնույն ժամանակ չվտանգելով իր դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ, նաև՝ խորը գործընկերային հարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Ես չեմ ասում՝ դա լավ է, թե վատ, բայց դա այդպես է»։

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ տեռորիզմի համատեքստը կարող է շատ բան փոխել Ռուսաստանի վերաբերմունքում մեր տարածաշրջանի նկատմամբ, նաև՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում. «Թե ինչ չափով այդ ներուժը իրականություն կդառնա՝ այս պահին միայն կարելի է գուշակել»։