Արցախում զոհվել է Արցախի հանրային ռադիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդ Հաջյանը։ Այս մասին տեղեկացանք գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի ֆեյսբուքյան էջից։
«Քիչ առաջ սև լուր ստացա. Զոհվել է Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդը. Ապրիլյան պատերազմին էլ զոհվել էր Երվանդի եղբայրը»,–գրել է Ղարաբաղցյանը։
NEWS.am–ի տեղեկություններով՝ Երվանդ Հաջյանն աշխատում էր Արցախի Արտաքին գործերի նախարարությունում։ Սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերին Երվանդը կամավոր մեկնել էր առաջնագիծ։
Միքայել Հաջյանի մյուս որդին՝ Նորայր Հաջյանը զոհվել է 2016թ. ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը Թալիշի ուղղությամբ ընթացող թեժ մարտերի ընթացքում։ Նորայր Հաջյանը մասնակցել է նաև Արցախյան ազատամարտին։ Նա 1992թ. դեկտեմբերից մինչև 1995թ. օգոստոսի վերջերը տարբեր կամավորական ջոկատների կազմում («Արամո-114» ԵԿ գումարտակ, Կորյուն Ղումաշյանի ԵԿ գումարտակ, «Արծիվ-24» ԵԿ ջոկատ) մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը (Կոռնիձոր, Շուռնուխ) և Արցախի ինքնապաշտպանությանը (Լաչին, Քարվաճառ, Օմարի բարձունք, Կուբաթլու, Մարտակերտ)։
Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» (04.05. 2007թ.), «Վազգեն Սարգսյան» (14.09.2011թ.), ԼՂՀ «Մայրություն» ՀԿ «Մայրական երախտագիտություն» (09.05.2009թ.) մեդալներով, ՀՀ «Արամազդ» հուշամեդալով, ԼՂՀ Նախագահի հրամանագրով (հետմահու)՝ «Մարտական ծառայություն» (05.04.2016թ.) մեդալով։
Լուսանկարում՝ Ապրիլյան պատերազմում զոհված Նորայր Հաջյանը