Հայաստանը չունի ռազմական գործողություն հրահրելու տրամաբանական որևէ պատճառ. հայտարարություն


Հայաստանը չունի ռազմական գործողություն հրահրելու տրամաբանական որևէ պատճառ. հայտարարություն
Սեպտեմբեր 27 19:27 2020

«Հայաստանի եվրոպացի բարեկամները» հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի ձեռնարկված հարձակումները։ Հայտարարությունը՝ ստորև․

 

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ գրոհ սկսվեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով ոչ միայն տեղական զինված ուժերը, այլև քաղաքացիական բնակավայրերը՝  ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Չնայած Բաքվից և Անկարայից հնչող մեղադրանքներին, որ Հայաստանն է սկսել այս հարձակումը, Հայաստանը չունի ռազմական գործողություններ հրահրելու տրամաբանական որևէ պատճառ: Այնուամենայնիվ, Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ հոգնել և հիասթափվել է խաղաղ բանակցություններից, ինչը ներառում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից համակարգված խաղաղ բանակցությունների գործարկման կասկածը: Այս հայտարարությունները աստիճանաբար ուղեկցվել են ավելի ու ավելի կոշտ հռետորաբանությամբ:

Երկու կողմից էլ տարբեր մոտեցումներ են հնչել անցած շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հնչած համապատասխան ելույթներում: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել խաղաղության կոչով և մեկ անգամ ևս ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ համաձայն ԵԱՀԿ բանակցողների կողմից առաջարկված 2009 թ. Հիմնարար սկզբունքների:

Ի հակադրություն, նախագահ Ալիևը առաջարկել է ընդլայնված և կոշտ միջամտություն, որով, փաստորեն, արժեզրկվում են հակամարտության և դրան ուղղված բանակցությունների անցած երեսուն տարիները․ հետհայացք գցելով՝ վերջինս կարելի է ընկալել որպես դիվանագիտական նախազգուշացում՝ այսօր սկսված հարձակումներից առաջ։ Բաքվի՝ բազմիցս հնչեցված պաշտոնական դիրքորոշումն այն է, որ իրենք չեն ցանկանում հանդուրժել «հայկական  երկրորդ պետությունն իրենց պատմական հողի վրա», ինչը կասկածի տակ է դնում անգամ Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը:

 

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակումները և պատերազմի միջոցով ստատուս-քվոն փոխելու մտադրությունը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գիտակցել այս վերջին զարգացումների լրջությունն ու զերծ մնալ հավասարապես երկու կողմերին ուղղված սովորական կոչերից՝ հիմքում դնելով կեղծ ու չարդարացված համարժեքությունը: Հրադադարի ռեժիմն այժմ պետք է հուսալիորեն ամրապնդվի, ինչպես և միջազգայնորեն խոստացվել էր 2016թ․-ի քառօրյա պատերազմից հետո:

Լեռնային Ղարաբաղը հայաբնակ տարածք է, որը դե յուրե գտնվում էր Ադրբեջանի իրավասության ներքո այն բանից հետո, երբ Ստալինը միջամտեց Գերագույն Խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի՝ որպես Խորհրդային Հայաստանի մաս ճանաչելուն։ Փաստացի, այն դարձավ անկախ հանրապետություն այն բանից հետո, երբ տեղի բնակչությունը 1990-1994 թվականների պատերազմում պաշտպանեց իրեն էթնիկ զտումից»:

Նախնական տվյալներով` հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հղում անելով ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանին։

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական զինուժն Արցախում լայնածավալ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։  Ադրբեջանական կողմը նույնպես ունի մարդկային կորուստներ։ 

Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, ռազմական գործողությունները շարունակվում են։



loading...