Իրենք ընտրել են ԲՀԿ խմբակցությունը թուլացնելու այս ստոր ճանապարհը․ Գևորգ Պետրոսյան


Իրենք ընտրել են ԲՀԿ խմբակցությունը թուլացնելու այս ստոր ճանապարհը․ Գևորգ Պետրոսյան
Հուլիս 31 21:50 2020

Ես խմբակցության բոլոր նիստերին մասնակցել եմ և չի եղել մի այնպիսի նիստ, որոշում, որ Բագրատյանը դեմ արտահայտվի խմբակցության ընդհանուր դիրքորոշմանը, ընդհակառակը՝ առաջին կողմ քվեարկողներից մեկը, որպես կանոն, միշտ ինքն էր լինում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։ Պատգամավորը հիմնավոր չի համարում խմբակցությունից դուրս եկած Սերգեյ Բագրատյանի պատճառաբանությունը, թե «տևական ժամանակ է իր քաղաքական դիրքորոշումն էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի ընդունած որոշումների բովանդակությունից և առանցքային հայտարարություններից առաջ քանիցս ներկայացրել է իր անհամաձայնությունն ու առարկությունները»:

«Նա իրականացրել է օրենքով իրեն վերապահված իրավունքը, և ես չեմ ուզում դա պիտակավորել, բայց պատճառաբանությունը համոզիչ չէ։ Մինչև վերջին 20, 25 օրը Բագրատյանը ծափահարել է խմբակցության բոլոր որոշումներին, մասնակցել է բոլոր որոշումներին և երբ քվեարկության առիթ է եղել, կամ ասենք՝ համաձայնություն տալ-չտալուն, Բագրատյանը միշտ կողմ է քվեարկել խմբակցության որոշումներին։ Էդ ո՞նց եղավ, որ վերջին շրջանում հանկարծ ․․․․Ես հարգելով իր անմեղության կանխավարկածը, բայց այն կարծիքին եմ, որ պարզապես այլ պատճառ է եղել, և ինքը այդ պատճառաբանությամբ է քողարկում է իրական պատճառը։ Համենայնդեպս ինքն է իր ճակատագիրը տնօրինողը, առանց Բագրատյանի «Բարգավաճ Հայաստանը» հաստատ չի կաղի»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։

ԲՀԿ-ական պատգամավորն անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե «Բարգավաճ Հայաստանը» պառակտվում է, խմբակցությունից պատրաստվում է դուրս գալ նաև ինքը, շեշտում է՝ մանդատն իր համար երբևէ պաշտամունքի առարկա չի եղել, բայց որևէ հիմք չունի խմբակցությունից դուրս գալու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:



loading...