Ադրբեջանի զինված ուժերը թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին դուրս գալ Աղդամ գյուղի տարածքից. Արման Աբովյան


Ադրբեջանի զինված ուժերը թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին դուրս գալ Աղդամ գյուղի տարածքից. Արման Աբովյան
Հուլիս 13 16:50 2020

Ադրբեջանի զինվորական ղեկավարությունը պարեկապահակային կետեր է սահմանել Թովուզի շրջանի Աղդամ գյուղի տարածքում և զինված ուժերը թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին դուրս գալ այդ սահմաններից: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի ղեկավարությունը միտումնավոր իրենց բնակիչներն ուղղակիորեն դարձրել է պատանդ, հույս ունենալով, որ իրենց խաղաղ բնակիչները հնարավոր է հայտնվեն հայկական կողմի պատասխան կրակի ներքո:

Սա հետագայում թույլ կտա ադրբեջանական ղեկավարությանը՝ խեղաթյուրել իրականությունը և մեղադրել հայկական կողմին իրենց խաղաղ բնակչության վրա հրաձգության մեջ:

Այս ամենը խոսում է ադրբեջանի ղեկավարության վարքագծի մասին, որ նույնիսկ իրենց խաղաղ բնակչության, երեխաների և կանանց կյանքի գնով փորձում են հասնել որոշակի արդյունքների՝ ցույց տալու, որ հայկական կողմը խախտում է հրադադարը»: