1902 թ. Շոտլանդիան պատմության մեջ առաջին ազգային անտարկտիկական արշավը կազմակերպեց։ Առաջնորդը հիդրոկենսաբան, կենդանաբան և հետազոտող Ուիլյամ Սփիրս Բրյուսն էր։ Խմբում, բացի ծովագնացներից ու գիտնականներից, նաև սրնգահար կար՝ Հիլբերտ Քերը։ Ինչու՞ էին շոտլանդացիները նրան իրենց հետ Անտարկտիդա տարել և ինչու՞ Քերը որոշեց զվարճացնել պինգվինին։
Հիլբերտ Քերն, իսկապես, արշավախմբի պաշտոնական սրնգահարն էր։ Նրա առաքելությունը թիմային ոգին ու սթափությունը պահպանելն էր երաժշտության օգնությամբ։ Ի դեպ, Քերն իր հետ վերցրել էր ազգային համազգեստ։
1904 թ. մարտին «Սկոտիա» նավը, որում շոտլանդական արշավախումբն էր, հայտնվեց Ուեդելի ծովի սառույցների մեջ ու չէր կարողանում դուրս գալ այնտեղից։ Արշավախմբի անդամները հասկանում էին, որ անտարկտիկական ձմեռը ստիպված են լինելու անցկացնել սառցե թակարդի մեջ։ Համաձայն լեգենդի՝ հենց այս օրերին էլ կատարվել է լուսանկարը, որում Քերը շոտլանդական ազգային երաժշտություն է նվագում թագավորական պինգվինի համար։ Ինչպես վկայում են արշավախմբի մասնակիցների օրագրերը՝ սրնգահարը ցանկանում էր փորձարկել երաժշտության ազդեցությունը ծովային կենդանիների վրա։ Սակայն պինգվինը նվազագույն արձագանք անգամ չտվեց։
«Ոչ մի էմոցիա, հաճույքի արտահայտում կամ, ընդհակառակը, տհաճություն. միայն անտարբերություն էր պինգվինը ցուցաբերում», - իր օրագրում գրել է արտասովոր տեսարանի ականտես վկաներից մեկը։ Մի քանի օր անց «Սկոտիային» հաջողվեց դուրս գալ սառույցների միջից և շարունակել ճանապարհը։
Ի դեպ, ավելի ուշ՝ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, Քերն իր երաժշտական գործիքը նվիրաբերել է Շոտլանդական գումարտակին, սակայն սրինգը կորել է Սոմմի ճակատամարտի ժամանակ։