Մեր երկիրը՝ Հայաստանը, բավականին փոքր պետություն է, որի բնակչությունը կազմում է շուրջ 3 միլիոն։ Ողջ աշխարհում հայերի թիվը հասնում 10-11 միլիոնի։ Չնայած դրա՝, մենք մեծ ներդրում ենք ունեցել համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ։ Շնորհիվ մեր հայտնագործությունների՝ մարդկությունը հնարավորություն ունի առավել հարմարավետ կենսակերպ վարելու։
Փորձենք պատկերացնել ժամանակակից մարդու առօրյան։
Առավոտը սկսվում է արթնանալով և ցնցուղ ընդունելով։ Միացնում ենք ծորակը, որը կարգավորում է ջրի հոսքը և ջերմաստիճանը, ու լվացվում։ Ծորակը հայտնագործել է հայազգի Ալեք Մանուկյանը։
Բաղնիքի հատակը մաքրում ենք ինքնալվացվող շվաբրով, որը Պիտերտ Ոսբիկյանի գյուտն է։ Մազերը չորացնում և հարդարում ենք վարսահարդարիչի միջոցով, որի հեղինակը Գաբրիել Քազանչյանն է։
Միացնում ենք հեռուստացույցը՝ շնորհիվ սևուսպիտակ և գունավոր հեռուստատեսության ստեղծող Հովհաննես Ադամյանի, նայում ենք առավոտյան լուրերն ու նախաճաշում ենք։
Նստում ենք ավտոմատ փոխանցման տուփ ունեցող մեքենան ու գնում աշխատանքի՝ գումար վաստակելու։ Ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը Արթուր Սարաֆյանն է։ Ընդմիջման ժամանակ բանկոմատից հանում ենք կանխիկ գումար, գնում ենք վաֆլե կոնով պաղպաղակ։ Բանկոմատը հայտնագործել է հայազգի Լյութեր Սիմիջյանը, իսկ պաղպաղակի համար նախատեսված վաֆլե կոնի ավտոմատ պատրաստման եղանակը՝ Հարրի Թաթոսյանը։
Երեկոյան բարում հանդիպում ենք ընկերներին և ձողիկով կոկտեյլներ ըմպում։ Պլաստմասե ձողիկների հեղինակը Արտաշես Հայկանյանն է։
Լսում ենք հայտնի երաժշտական խմբերի երգեր, և այդ խմբերում կենտրոնական դիրք են գրավում թմբկահարները, որոնք նվագում են երաժշտական ափսեների վրա՝ ստեղծված Զիլջյան ընտանիքի անդամների կողմից։
Եվ սրանք դեռ բոլոր հայտնագործությունները չեն, այլ միայն նրանք, որոնք շրջապատում են մեզ առօրյայում։ Միակ հարցը հետևյալն է. ինչո՞ւ ոչ մի հայտնագործություն արված չէ Հայաստանի տարածքում։ Պատճառն այն է, որ լավ կյանք փնտրելու համար մարդիկ լքել են հայրենիքը և իրենց ունակություններն օգտագործել օտար վայրերում։