Աշուղ Եթիմ-Գուրջի. Թբիլիսիում հայտնի հայ երաժիշտը


Աշուղ Եթիմ-Գուրջի. Թբիլիսիում հայտնի հայ երաժիշտը
Մայիս 16 22:04 2020

Եթիմ-Գուրջին՝ Հարություն Գրիգորի Աղաջանովը, Վրաստանի ազգային աշուղ-երգիչ և բանաստեղծ էր։ Նա ծնվել է 1875թ. արհեստավորի ընտանիքում։ Հայրը ծնունդով Թուրքիայից էր և գնացել էր Թբիլիսի՝ հայուհի Սառայի հետ ամուսանալու համար։ Հոր մահից հետո 15-ամյա Հարությունը մոր և քրոջ հետ հայտնվեց թշվառության մեջ։ Ավելի ուշ նա ուսման անցավ երաժշտական գործիքների վարպետի մոտ և սովորեց պրոֆեսիոնալ նվագել դայրա, չիանուրի և չոնգուրի։

Որպես բանաստեղծ՝ նա իր առաջին քայլն արել է 20 տարեկանում։ Նա երգում էր իր գրած երգերը և բալլադները, որոնք հայերենով, ադրբեջաներենով և վրացերենով էին։ Աշուղը երգում էր կյանքի, սիրո, հավերժության մասին։ Նա բոլոր թբիլիսցիների սիրելին էր՝ հարուստների և աղքատների։ Աշուղին հրավիրում էին հարսանիքների, որտեղ նա իր, քաղաքային այլ բանաստեղծների երգերն էր կատարում։ Եթիմ Գուրջին կատարում էր թբիլիսցիներին հարազատ և հասանելի լեզվով։ Նա մարդ էր, որն իր մեջ ներառում էր Անդրկովկասի բոլոր մշակույթները։ Իր բանաստեղծություններում նա գովերգում էր ազնիվ, առատաձեռն, խիզախ մարդկանց, սերն ու ընկերությունը։

Հարությունի առաջին գիրքը՝ «Անաբաջիի պոեմները», հրատարակվել է 1909թ., իսկ բանաստեղծությունների «Նոր բանաստեղծություններ և երգեր» ժողովածուն՝ 1911-ին։ Հրատարակվել են նաև «Եթիմի նոր բանաստեղծությունները», «Տանգո», «Հատընտիր բանաստեղծություններ» ժողովածուները։

Ռուս հայտնի բանաստեղծ Սերգեյ Եսենինը 1924թ. աշնանը Վրաստանում՝ Թիֆլիսում, հանդիպել է Եթիմ Գուրջիի հետ։ Եսենինը երկար ժամանակ լսել է աշուղի կատարած ազգային երաժշտությունը, ապա իր հուշերում նրա մասին գրել.

«Ծերուկի երգերի մեջ այնքան սիրտ կար, հնչյունների նկատմամբ ուշադիր սեր, որ հնարավոր չէր նրան չլսել։ Ես զրուցեցի երգչի հետ, այնուհետև նրա համար ինքս երգեցի։ Գուրջին մինչև վերջ ինձ լսեց, սակայն ասաց. «Թախիծ հարկավոր չէ։ Տեսե՛ք, թե ինչքան լավ է ամեն ինչ աշխարհում», ու ցույց տվեց հին քաղաքը։

 

1985թ.՝ աշուղի մահից 45 տարի անց, Հին քաղաքում՝ Կուր գետի աջ ափին, տեղադրվեց Եթիմ Գուրջիի հուշարձանը, որը պատրաստել էր քանդակագործ Դմիտրի Միկատաձեն։ Յուրաքանչյուր տարի՝ աշուղի ծննդյան օրը, թբիլիսցիները հավաքվում են նրա գերեզմանի մոտ, ծաղիկներ բերում և հարգում նրա հիշատակը։