Հալածանք-կալանքի երկու ամիսների ընթացքում Միքայել Սրբազանը մի դժվարություն է միայն ունենալու` կարոտելու է խնկաբույր եկեղեցին և իր սիրելի Գյումրիում քայլելը


Հալածանք-կալանքի երկու ամիսների ընթացքում Միքայել Սրբազանը մի դժվարություն է միայն ունենալու` կարոտելու է խնկաբույր եկեղեցին և իր սիրելի Գյումրիում քայլելը
Հունիս 28 14:35 2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեզանում և մեր ժամանակներում ամենաքրիստոնեաբար ապրող եզակի հայերից ու հոգևորականներից է: Իսկ քրիստոնեաբար ապրելը ենթադրում է նաև պատրաստ լինել զրկանքների, հալածանքների, որոնք հավատքի բարձրությունից նայելիս վերածվում են առ ոչնչի, այսպես է Միքայել Սրբազանին նկարագրել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

 

Որպես ասվածի ապացույց` Միքայել Սրբազանը, ըստ փաստաբանների, դատական նիստին հայտարարել է. «Եթե կալանավորեք, էլի շնորհակալ եմ Աստծուն, որովհետև փորձության միջով եմ անցնում»:

 

«Վախը հաղթահարած մարդուն, կենցաղին ու նյութականին երբեք կարևորություն չտվող մարդուն, հալածանքին ու զրկանքներին պատրաստ և դրանց քրիստոնեաբար նայող մարդուն, Հեթումյան-Աջապահյան երախտավոր տոհմի արժանի հետնորդին ինչո՞վ և ինչպե՞ս եք պատժելու, նա այդ ամեն ինչից վեր է:

 

Սրբազանին ճանաչողները գիտեն, որ նրան միշտ կարելի է տեսնել ժամերգություններից և պատարագից հետո որոշակի ժամերի Գյումրու Սուրբ Յոթ Վերք վանքի շուրջ զբոսնելիս, իսկ առավել բախտավորները հնարավորություն են ունենում ընկերակցելու նրան և վայելելու նրա իմաստուն, հոգևոր խոսքը: Հալածանք-կալանքի երկու ամիսների ընթացքում Միքայել Սրբազանը մի դժվարություն է միայն ունենալու` կարոտելու է խնկաբույր եկեղեցին և իր սիրելի Գյումրիում քայլելը: Բայց վստահ եմ, որ օրվա տարբեր ժամերին լինելու է աղոթական` կալանավայրի խուցը լցնելով ու մաքրագործելով աղոթքով:

 

Հ.Գ. Երբ զանգում եմ Միքայել Սրբազանին, միշտ պատասխանում է գյումրեցիական սրամտությամբ հարուստ իր հայտնի արտահայտությամբ` «լսում եմ ձեր հրահանգները»: Հիմա ես ոչ թե հրահանգում, այլ որդիաբար խնդրում եմ Սրբազան Հորը առողջ լինել, չեմ ասում պինդ լինել, որովհետև դա անիմաստ է և նման կլինի նրան, թե լեռանը խնդրես լեռ լինել:

 

Աստված օգնական, Սրբազան Հայր»,- նշել է Մելքոնյանը։