Շատ պատմիչներ ու պատմաբաններ պնդում են, որ արալեզների հանդեպ հավատքը վկայում է հայերի մոտ նախաքրիստոնեական շրջանում շան պաշտամունքի մասին։ Իսկ ովքե՞ր էին արալեզները։
Երբ հայ արքա Արա Գեղեցիկը զոհվեց մարտում, վշտացած ասորական թագուհի Շամիրամը հրամայեց, որ արալեզները վերակենդանացնեն Արային։
Արալեզները հայկական դիցաբանության հնագույն աստվածներից էին։ Նրանք շան կերպարանքով արարածներ էին, որոնք ունակ էին վիրավոր զինվորականներին ապաքինելու և մեռյալներին վերակենդանացնելու։ Համարվում էր, որ նրանք շների անտեսանելի ոգիներն էին։
Հին հայերը կարծում էին, որ եթե խիզախ զինվորն ընկել է մարտում, կամ նրան դավաճանել են, ապա արալեզներ կոչվող ոգիները իջնում են ու հարություն տալիս նրան՝ լիզելով վերքերը։
Արա Գեղեցիկի ժամանակներում այդ ոգիները կոչվում էին Շամիրամի աստվածներ։ Հայտնի է, որ հայ արքա Արա Գեղեցիկը սպանվել է հայկական ու ասորական զորքերի բախման ժամանակ։ Ասորական զորքը պատկանում էր թագուհի Շամիրամին։
Հենց այդ պատճառով էլ ասորական թագուհին իր հավատարիմ մարդկանց ուղարկել էր մարտի դաշտ, որպեսզի նրանք գտնեն իր սիրեցյալի՝ արքայի մարմինը մեռյալների միջից։ Գտնելուց հետո թագուհին հրամայեց մարմինը իր պալատ տանել։
Սակայն երբ Հայաստանի կառավարիչները ըմբոստացան Շամիրամի դեմ՝ վրեժ լուծելու Արայի մահվան համար, Շամիրամն ասաց.
«Ես հրամայել եմ արալեզ աստվածներին լիզել նրանց վերքերը, և նա կրկին կապրի»։
Մեկ այլ օրինակ. ըստ հայ պատմիչների, երբ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը զոհվեց, նրա հարազատները տեղադրեցին նրա դիակը մի աշտարակի վրա՝ հուսալով, որ արալեզները կլիզեն և կվերակենդանացնեն նրան։ Իսկ միջնադարում հայ գուսանների և ժողովրդական թատրոնի մասնակիցների մի մասը ներկայացումների ժամանակ շնաձև դիմակներ էր կրում։