Որպես ժառանգություն հնարավոր է ստանալ ոչ միայն գումար, տիտղոսներ կամ անգամ թագավորություն: Հնարավոր է ժառանգել նաև խելագարությունը: Եվրոպայի պատմության մեջ նման մի քանի դեպք է գրանցվել, երբ խելագարությունը ժառանգվել է, սակայն ժառանգություն ստացած անձի ճակատագիրն այլ կերպ է դասավորվել:
Խելագար թագավոր ունենալը դժբախտություն է թագավորության համար, սակայն ուրախություն՝ պալատականների համար: Թագավորի անկարողությունը՝ թագավորության ղեկավարմանը մասնակցելու, երջանկացնում էր այն պալատականներին, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ էին երկիրն իրար մեջ բաժանել: Սակայն այս պարագայում ամենասարսափելին այն էր, որ թագավորի ժառանգները ևս կարող էին խելագարությունը ժառանգել, ինչը արդեն շատ վատ կլիներ:
Առաջին իսկապես խելագար արքան եղել է Ֆրանսիայի Կառլոս VI-ը: Այսօր նրա մոտ հայտնաբերված ախտանշանների մասին պատմաբանները տարբեր վարկածներ են հայտնում: Սակայն XIV դարում խելագարության պատճառը միայն մեկը կարող էր համարվել՝ «կախարդությունը»: Խելագարության նոպաները ցիկլային չէին. երբեք հնարավոր չէր կանխատեսել՝ երբ կառաջանա հաջորդ նոպան, կամ արդյոք արքան վաղը ունակ կլինի երկիրը կառավարելու, թե ոչ: Նա թագավորեց 42 տարի, որոնցից 30-ի ընթացքում՝ խելագարությամբ: Խելագարության պահերին, որոնք ամիսներ կամ անգամ տարիներ էին տևում, Կառլոս VI-ը զենքերով հարձակվում էր պալատականների վրա, արգելում իրեն դիպչել, քանի որ կարծում էր, թե ինքն ապակուց է, հրաժարվում էր լվացվել կամ փոխել ներքնազգեստը:
Հանգստության պահերին նա փորձում էր պատշաճ ղեկավարել թագավորությունը, նորմալ հայր էր դառնում իր որդիների համար, խաղաթղթերով խաղում: Կառլոսն ուներ հավատարիմ ծառաներ, որոնք դժվար պահերին նրա կողքին էին լինում։ Ժամանակի ընթացքում նա գտավ նաև իր սիրելի կնոջը՝ Օդետա դե Շամդիվերին: Չնայած պատերազմների առկայությանը, որոնք քայքայում էին երկիրը, թագավորն ապրում էր բավականին հանգիստ ու խաղաղ: Միջին դարերում խելքը կորցրած մարդկանց նկատմամբ վերաբերմունքը բավականին մարդկային էր:
Այլ ճակատագրի էր արժանացել Անգլիայի արքա Գևորգ III-ը XVIII դարում: Այսօր հայտնի է, որ նրա խելագարությունը ժառանգական հիվանդության՝ պորֆիրիայի պատճառով էր առաջացել: Սակայն Լուսավորության տարիներին այդ հիվանդության մասին ոչ ոք չգիտեր, և արքային նույնքան դաժան կերպով էին բուժում, որքան Բեդլամի յուրաքանչյուր այլ խելագարի: Թագավորին կապում էին մահճակալին կամ բազկաթոռին, հագցնում էին զսպաշապիկ: Չնայած որ Գևորգը, ի տարբերություն Ֆրանսիայի Կառլոս արքայի, չէր փորձում իր մտերիմներին սպանել, նրան վերաբերում էին որպես վտանգավոր կենդանու:
Մեզ համար դժվար է պատկերացնելը, որ մարդկանց նկատմամբ XIV դարում ավելի մարդկային վերաբերմունք էին ցույց տալիս, քան XVIII դարում, սակայն դա իսկապես այդպես է եղել: Ցանկություն է առաջանում հավատալու, որ XXI դարում մարդիկ, իմանալով մյուսների հոգեկան հիվանդությունների մասին, ավելի բարի են գտնվում նրանց նկատմամբ: