Կարմիր գրքում գրանցված թռչնի որսի առիթով բնապահպանական կայքը հաղորդում է հանցագործության մասին


Կարմիր գրքում գրանցված թռչնի որսի առիթով բնապահպանական կայքը հաղորդում է հանցագործության մասին
Ապրիլ 7 00:26 2020

Բաց համացանցային տվյալների ուսումնասիրության արդյունքում, EcoNews.amբնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, հայտնաբերել է գիշատիչ թռչնի ապօրինի որսի մասին վկայող լուսանկարներ։

«Թռչունը նաև կարմիրգրքյան է։  Սեյրան Բալդրյան անունով օգտատերն այսօր՝ ապրիլի 5-ին համացանց է բեռնել լուսանկարներ, որտեղ հավանաբար սպանված ցախաքլորաորս (Accipiter gentilis) տեսակի թռչուն է։  Նախնական գնահատականով՝ ներկայում Հայաստանում բնության մեջ հանդիպում են  40–60 զույգեր: Ուշագրավ է նաև, որ Տավուշի մարզի Բերդ բնակավայրի գրանցմամբ 51-ամյա Սամվել Բալդրյանի հպարտ կեցվածքով լուսանկարներում կա նաև անչափահաս երեխա։ Լուսանկարում թռչնի մարմնի վրա նկատելի են նաև արնանման հետքեր։  Իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվեց նաև, որ Սամվել Բալդրյանի կարծիքով կարմիրգրքյան ցախաքլորաորսի միսը հավի մսից համեղ է․ վերջինս ոչ միայն որսացել է հազվագյուտ գիշատիչ թռչնի, այլև հավանաբար կերել է նրան, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով։ Վայրի բնության միավոր հանդիսացող թռչունը կարող է մի շարք հիվանդությունների կրող և փոխանցող լինել»։

Վայրի բնության միավորների նկատմամբ ցուցաբերված անզգուշության և անպատասխանատվության հետևանքներն, ըստ կայքի, առավել տեսանելի են 2020թ․-ին։

«ՀՀ-ում գիշատիչ թռչունների որսը թույլատրված չէ առհասարակ, իսկ կարմիրգրքյան հազվագյուտ թռչնի ապօրինի որսն առաջացնում է նաև հավելյալ պատասխանատվություն։  Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը»: