Սպորտով զբաղվելու ու հեծանիվ քշելու կարգը փոփոխվել է


Սպորտով զբաղվելու ու հեծանիվ քշելու կարգը փոփոխվել է
Ապրիլ 7 00:05 2020

Պարետի N 34 որոշմամբ ՀՀ-ում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման պայմաններում սպորտով զբաղվելու կամ հեծանիվ քշելու կարգը փոփոխվել է:

Այսպիսով, եթե առաջ կարելի էր օրվա ընթացքում մեկ անգամ դուրս գալ սպորտով զբաղվելու՝ առանց ժամային սահմանափակման, ապա որոշման մեջ կատարված փոփոխությամբ դա կարելի է անել առանց սահմանափակման, բայց բացառապես առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ն:

Այդ մասին ասվում է Պարետի համապատասխան որոշման 2-րդ կետում, այն է՝

«Հավելված N 1-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «օրվա ընթացքում մեկ անգամ» բառերը փոխարինել «առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը» բառերով»:

Այսպիսով, խմբագրմամբ ստացվում է հետևյալ պատկերը.

«Բնակության վայրից ոչ ավել, քանի 500 մետր հեռավորության վրա առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով՝ սույն հավելվածի Ձև 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում»:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 833-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 11-ով: Ապաքինվել է 62 անձ։ Մահվան ելքով 8 դեպք է գրանցվել։