Հակավիրուսային դեղերի և դիմակների թանկացումը բացառվում է. Նարեկ Զեյնալյան

Հակավիրուսային դեղերի և դիմակների թանկացումը բացառվում է. Նարեկ Զեյնալյան
Փետրվար 25 12:50 2020

ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը կարծում է, որ դեղատներում բժշկական դիմակների պակասը պայմանավորված է նրանով, որ մարդիկ չհիմնավորված խուճապի մեջ են և սկսել են իրենց տներում դիմակներ պահեստավորել:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զեյնալյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

 

«Այս պահին, որքանով տեղյակ եմ, դեղատներում դիմակները բացակայում են: Սա չհիմնավորված խուճապի արդյունք է, երբ բնակիչները դիմակներ են պահեստավորում իրենց տներում»,-ասաց Զեյնալյանն ու հավելեց՝ դա բացարձակ անիմաստ է:

 

Նա նշեց՝ բժշկական դիմակը վարակվելուց 100-տոկոսով զերծ չի պահում: Պատգամավորը վստահեցրեց՝ Առողջապահության նախարարությունն ունի բավականաչափ պահեստավորված դիմակներ: «Բացառելու ենք, որ որևէ հակավիրուսային դեղորայքի կամ դիմակի թանկացում լինի»,-նշեց նա:

 

Հայաստանի մի շարք դեղատներում բժշկական դիմակների խիստ պակաս է զգացվում, որոշ դեղատներում դրանք առհասարակ չկան, որոշներում էլ վաճառում են սահմանափակ քանակով, օրինակ՝ մեկ անձին առավելագույնը 5 հատ: Որոշ դեղատներ սկսել են դիմակները վաճառել սովորականից շատ ավելի բարձր գնով՝ հասցնելով մինչև 210 դրամի:

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փետրվարի 24-ին հայտարարություն էր տարածել՝ հորդորելով դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև  շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից:

 

ՀՀ առողջապահության նախարարությունը փետրվարի 24-ին հայտնել էր, որ համապատասխան ստորաբաժանումները զբաղվում են դեղատներում պաշտպանիչ դիմակների օրեցօր նկատվող պակասի հարցը լուծելու հարցով, դիմել են մի շարք աղբյուրների՝ դիմակների մեծ խմբաքանակ ներկրելու համար:

 

loading...