Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող տարածքում առկա զենք-զինամթերքը հնարավոր է առնչություն ունի «Մարտի 1-ի» դեպքերի հետ. Վանեցյան


Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող տարածքում առկա զենք-զինամթերքը հնարավոր է առնչություն ունի «Մարտի 1-ի» դեպքերի հետ. Վանեցյան
Հոկտեմբեր 16 13:28 2018

Մենք չենք փորձում երբևիցե ազդել փորձաքննություն իրականացնող մարմնի վրա, որ մեզ տան մեզ համար կամ հանրության համար ցանկալի տեղեկություն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե Հովիկ Աբրահամյանի ընտանիքին փաստացի պատկանող տարածքում հայտնաբերված զենք-զինամթերքը Մարտի 1-ի դեպքերի հետ համընկնումներ չունեն։

Նա պնդեց՝ ասել է, որ կա վարկած «Մարտի 1-ի» դեպքերին այդ զենք–զինամթերքի օգտագործման մասով, չի պնդել, որ հենց այդպես է. «Տվյալներ էին ստացվել, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին փաստացի պատկանող տարածքում առկա է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, որը հնարավոր է առնչություն ունի «Մարտի 1-ի» դեպքերի հետ։ Այդ օրերին տարբեր լրատվականներ ցանկանում էին ինձանից լսել խոսք, որով ես պետք է մեղադրեի այս կամ այն անձին «Մարտի 1-ի» զենքերի օգտագործման մեջ։ Ես ասել եմ, որ կա վարկած, որ հնարավոր է օգտագործվել է, իրականացվում է փորձաքննություն, որի արդյունքում կպարզվի այդ զենքերը օգտագործվել են մարտի մեկին թե ոչ։ Այո, եղել է փորձաքննություն և Հատուկ քննչական ծառայության պետը հայտարարել է, որ զենքերը որևէ առնչություն չունեն այս դեպքերի հետ»։

Վանեցյանը հավելեց, որ օբյեկտիվ քննություն է իրականացվել. «Շատ կարևոր եմ համարում, որ օբյեկտիվ քննություն է իրականացվում։ Մենք չենք փորձում երբևիցե ազդել փորձաքննություն իրականացնող մարմնի վրա, որ մեզ տան մեզ համար կամ հանրության համար ցանկալի տեղեկություն»,-եզրափակեց ԱԱԾ տնօրենը։

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող տարածքներում հայտնաբերված զենքերին, ասել էր:

«Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքերի գործով փորձաքննությունն ավարտվել է: Մարտի 1-ի դեպքերի հետ համընկնումներ չկան»։