Մամուլի ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ մեղադրանքը եւ ես նախապես մեղավոր ճանաչվեցի. Արսեն Բաբայան


Մամուլի ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ մեղադրանքը եւ ես նախապես մեղավոր ճանաչվեցի. Արսեն Բաբայան
Հունվար 25 17:22 2020

Հավանաբար, պետք է շնորհակալություն հայտնեմ, որ մամուլի ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ մեղադրանքը և ես, նախապես ուժի մեջ մտած դատական ակտով, մեղավոր ճանաչվեցի ավելի մեղմ հանցավոր արարք կատարելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

«Քանի որ վարչապետ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև իմ դեմ հարուցված քրեական հետապնդմանը, նշելով, որ պաշտոնական մեղադրանքի համաձայն օկուպացվել է սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, հիշեցի մեկ այլ քրեական գործ, որը հարուցվել էր 2018թ-ի ապրիլ ամսին:

Համաձայն պաշտոնական մեղադրանքի սկսած 2018 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավորը Երևան քաղաքում կազմակերպել և իրականացրել է հավաքներ, որոնց ընթացքում բազմիցս խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ խոչընդոտելով մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի և այլ իրավունքների իրացմանը, կազմակերպությունների բնականոն գործունեությանը:

Նշված փաստերի առթիվ զանգվածային անկարգություններ կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Մինչ օրս մենք այդպես էլ չգիտենք, թե ինչ փուլում է այդ գործը:

Վերջում, հավանաբար, պետք է շնորհակալություն հայտնեմ, որ մամուլի ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ մեղադրանքը և ես, նախապես ուժի մեջ մտած դատական ակտով, մեղավոր ճանաչվեցի ավելի մեղմ հանցավոր արարք կատարելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- գրել է  նա:

Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը էլ այս առումով գրառում է կատարել նշելով.

«Փաստորեն ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ պաշտպանյալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը, նա այլևս չի մեղադրվում սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու մեջ, փոխարենը նրան մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, նույն ասուլիսում Ա.Բաբայանը մեղավոր ճանաչվեց այդ մեղադրանքում, հրապարակվեց դատարանի արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռը։

Միակ թերությունը, որ նկատեցի այն էր, որ դատավճիռը դահլիճում ներկաներն ունկնդրում էին նստած, մինչդեռ ճիշտ կլիներ, որ բոլորն այդ պահին կանգնեին...

Մնացածը նորմալ է, բնական, անխուսափելի, սպասելի, կայուն ու կանխատեսելի ավարտով։

Հ.Գ. դե երևի շնորհակալություն ավելի մեղմ հոդվածով դատելու համար»,- գրել է նա։