Կարապետյանը որոշել է օրինապահ հարկ վճարողների կյանքը հեշտացնել


Կարապետյանը որոշել է օրինապահ հարկ վճարողների կյանքը հեշտացնել
Փետրվար 22 12:11 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Կարապետյանը նախ հայտարարեց, որ 2017 թվականին պետական բյուջեի եկամուտներն 2016 թվականի համեմատությամբ աճել են շուրջ 125 մլրդ դրամով։ «Չնայած նշված ցուցանիշին, պետք է արձանագրել, որ դեռևս առկա են խնդիրներ հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետևանքով՝ հարկերի վճարումից խուսափելու կամ արհեստական նվազեցնելու, ինչպես նաև հարկային արտոնությունների հստակության և նպատակային օգտագործման հարցերում։ Նշվածի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջերս կազմակերպվել են թվով 18 ոլորտների ավելի քան 500 հարկ վճարողների հետ հանդիպումներ, և կատարվել են ուսումնասիրություններ։ Արդյունքում արձանագրված խնդիրների լուծումները, այդ թվում` հարկային ստվերի վերաբերյալ, գտնվում են նաև մի շարք այլ գործադիր մարմինների իրավասությունների տիրույթում»։

Հաշվի առնելով վերոնշյալը` Կարապետյանը հանձնարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ 7-օրյա ժամկետում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրները ըստ ոլորտների փոխանցել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` ներկայացնելով դրանց հնարավոր լուծման առաջարկություններ։

«Կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ 10-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ, հստակ սահմանելով, որ համապատասխան խումբը սեղմ ժամկետներում Կառավարության աշխատակազմ կներկայացնի՝ օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, արտոնությունների կիրառման հստակեցման, հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման և ոչ հստակ կարգավորումների շտկման, ինչպես նաև վեր հանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ։ Բոլոր լուծումները, որոնք ներկայացվելու են, համար առաջին պայմանը օրինապահ հարկ վճարողների կյանքը հեշտացնելն է»,- հանձնարարեց վարչապետը: