Ջազ նվագախումբը փայլուն ելույթ է ունեցել Sochi Jazz Festival-ի շրջանակում


Ջազ նվագախումբը փայլուն ելույթ է ունեցել Sochi Jazz Festival-ի շրջանակում
Օգոստոս 6 08:55 2019

Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, հանդես է եկել արդեն 10-րդ անգամ կազմակերպվող Sochi Jazz Festival-ի շրջանակում: Նվագախմբի համերգը Ռուսաստանի Դաշնության ամենասպասված փառատոններից մեկի շրջանակում կայացել է օգոստոսի 3-ին Սոչիի Ձմեռային թատրոնում: Ջազ նվագախումբը համերգի ընթացքում կատարել է սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: Հայ երաժիշտների ելույթներն ընդունվել են մեծ ջերմությամբ ու հետաքրքրությամբ:

Ի դեպ, կոլեկտիվն այս փառատոնին մասնակցում էր առաջին անգամ:

Տեղեկացնենք, որ Sochi Jazz Festival-ը ջազ երաժշտության ամենամյա միջազգային փառատոն է: Ստեղծվել է 2010-ին, փառատոնի պրոդյուսերն ու նախագահը ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Բուտմանն է: Սովորաբար անցկացվում է հուլիս-օգոստոս ամիսների շրջանակում՝ 4 օրվա ընթացքում: Այս անգամ փառատոնը տեղի է ունեցել օգոստոսի 1-4-ը:

Փառատոնի շրջանակում հանդես են գալիս համաշխարհային հռչակ վայելող արտիստներ աշխարհի տարբեր երկրներից, անցկացվում են վարպետության դասեր, ջեմսեյշններ: