Երեւանի քաղաքապետարանը 67 մլն դրամի պայմանագիր է կնքել «Սիլ Ինշուրանս»-ի հետ (փաստաթուղթ)


Երեւանի քաղաքապետարանը  67 մլն դրամի պայմանագիր է կնքել «Սիլ Ինշուրանս»-ի հետ (փաստաթուղթ)
Օգոստոս 2 18:30 2019

 

Այս տարի Երեւանի քաղաքապետարանը իր աշխատակիցների «Առողջապահության ապահովագրության»  փաթեթը, որը շատերին հայտնի սոցփաթեթ անունով ձեռք է բերել «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանի եւ նշյալ ընկերության միջեւ ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվել է 2019 թվականի հունիսի 25-ին:  

Երեւանի քաղաքապետարանն այս ծառայության համար «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությանը փոխանցել է 67 մլն 500 հազար դրամ: Այս ընկերությունը պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին: Նա պատահական անձ չէ, բավականին մտերմիկ հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց փոխկապակցվածությունն առկա է դեռ շատ վաղուց: Խաչատուր Սուքիասյանը ինչպես թավշյա հեղափոխության օրերին, այնպես էլ 2008 թվականի մարտի Մեկի իրադարձությունների ժամանակ սատարել է ընդդիմությանը: Նա նաեւ շատ մտերիմ է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին Երեւանի քաղաքպետ Հայկ Մարությանի մոտ ընկերն է:

Անդրադառնալով 67 մլն 500 հազար դրամ արժողությամբ ծառայությունների մատուցմանը՝ նշենք, որ խոսքը վերաբերում է երեք հազար աշխատակցի ապահովագրության մասին: Ի դեպ, նշենք, որ այս պայմանագիրը ոչ, թե ամբող տարվա համար է, այլ հունիսից մինչ դեկտեմբեր: Հետաքրքիր է նաեւ այն, որ քաղաքապետարանը տարվա կեսին նման ծառայություններ է ձեռք բերում, սովորաբար նմանատիպ գնումները տեղի են ունենում տարվա սկզբին՝ ամբողջ տարվա համար:

Հիշեցնենք, որ ArmDay.am-ին հայտնի էր դարձել, որ կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը եւս «Սիլ Ինշուրանսի» հետ է աշխատում: Թաղապետ Վիկտոր Մնացականյնաը չի հերքել մեր այս տեղեկությունը: