Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը հանուն «Սիլ»-ի հրաժարվել է «Նաիրի Ինշուրանսից». Թաղապետը չի հերքում


Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը հանուն «Սիլ»-ի հրաժարվել է «Նաիրի Ինշուրանսից». Թաղապետը չի հերքում
Օգոստոս 1 11:09 2019

Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: ArmDay.am-ի աղբյուրների փոխանցմամաբ վարչական շրջանի աշխատակազմը հրաժարվել է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ծառայություններից եւ սկսել է օգտվել «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ծառայություններից: Այս տեղեկությունների շուրջ ArmDay.am-ը զրուցեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ: Վարչական շրջանի ղեկավարը մեր տեղեկությունները չբացառեց, սակայն  նշեց, որ պետք է ճշտի աշխատակազմի ղեկավարից:

«Հնարավոր է, ես չեմ զբաղվում դրանով: Աշխատակազմի քարտուղարն է զբաղվում, բայց դա երբվա՞ բան եք ասում»,- ասաց նա: 

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աները՝ Ձոնիկ Մարգարյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի տեղակալն է: 

Ինչպես հայտնի է՝ «Սիլ Ինշուրանս» ընկերությունը պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին, որի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Վիկտոր Մնացականյանից հետաքրքրվեցինք, թե Սիմոնյանի աներոջ գործոնը որքանո՞վ է նպաստել, որ վարչական շրջանի աշխատակազմն օգտվի «Սիլ Ինշուրանս» ընկերությունից: 

«Ես Ալեն Սիմոնյանի աներոջը ճանաչում եմ այն ժամանակից, որ նա դեռ Ալեն Սիմոնյանի աները չէր, մեր երկրի լավագույն կադրերից է, դասավանդում է տեղական ինքնակառավարման ակադեմիայում, եղել է սոցապնախարարության աշխատակազմի ղեկավարը: Հետո էլ դա իր ղեկավարվող բլոկի մեջ չէ, նա կոմունալ ծառայություններն է սպասարկում, սոցիալական բլոկով է զբաղվում: Ինշուրանասը, եթե չեմ սխալվում՝ պետք է, որ դեկտեմբեր-հունվարին եղած լինի: Չեմ կարծում, որ այտեղ քաղաքական որեւէ ենթատեքստ լինի, ինչու՞ «Նաիրի Ինշուրանսն» ումն է»,- նշեց թաղապետը, իսկ երբ տեղեկացավ, որ այն պատկանում է Մարտի մեկի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի որդուն, պատասխանեց. «Ես չգիտեի, ճիշտն ասած»:

ArmDay.am-ին նաեւ փոխանցել էին, որ կադրային փոփոխություններ են լինում վարչական շրջանի աշխատակազմում: Մեր աղբյուրն ասաց, որ Վիկտոր Մնացականյանն ի թիվս այլ աշխատակիցների աշխատանքի է ընդունել մի աղջկա, որը դարձել է իր աչքերն ու ականջներն՝ աշխատակազմում: Տեղեկացել էինք նաեւ, որ արդյունքում աշխատանքից ազատվել է մի երիտասարդ աշխատակցուհի, որը ծնողներ չունի: Վիկտոր Մնացականյանն արձագանքեց մեր տեղեկությունների միայն երկրորդ մասին. «Կճշտեմ, թե ով է եղել այդ աղջիկը»:

Այնուհետ խոսելով աշխատակազմում տեղի ունեցող փոփոխությունների մասին, թաղապետը ArmDay.am-ի տեղեկությունները չհերքեց: «Կարծում եմ, որ ամենաքիչ փոփոխությունները մեր վարչական շրջանի աշխատակազմում են եղել: Կադրեր են փոխվել, դե հիմա չեմ հիշելու, թե ինչեր են փոխվել: Օրենքի խախատում կամ ինչ-որ հովանավորչություն չի եղել, անցնում են մրցույթներ: Ով էլ որ եկել է՝ եկել են պրոֆեսիոնալներ, չեմ հիշում, թե քանի հոգի են: Կարծում եմ աշխատակազմի 15 տոկոսից ոչ ավելին է փոխվել, կարող է մի քիչ ավել, մի քիչ պակաս»,- ասաց նա: