Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում. ներդրվում է նոր նախագիծ

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում. ներդրվում է նոր նախագիծ
Հուլիս 10 14:12 2019

Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի միջոցառումների շրջանակում նախատեսվում է ձևավորել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 10-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումը:

 

Քննարկումը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից:

 

ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հակակոռուպցիոն ռազմավարության սկզբնական տարբերակը, որը մի քանի ամիս առաջ էր հրապարակվել, առաջացրել էր որոշ ՀԿ-ների դժգոհությունը:

 

«Մենք ուսումնասիրել ենք բոլոր դժգոհությունները, բողոքները, առարկությունները, ապա քննարկման առարկա ենք դարձրել դրանցից յուրաքանչյուրի իրավական հիմնավորվածությունը: Փորձել ենք մշակել այնպիսի հակակոռուպցիոն ռազմավարություն, որն առաջին հերթին ներառական է և երկրորդ՝ հավակնում է լուծել կոռուպցիայի դեմ երկրի առաջնահերթությունները»,- ընդգծեց Խաչիկյանը:

 

Նրա խոսքով՝ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում նախատեսվում է իրականացնել տարբեր միջոցառումներ՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում, հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում և այլն:

 

Հակակոռուպցիոն ռազմավարությունը մոտ 20 օր առաջ տեղադրվել է e-draft.am կայքում և, ՀՀ ԱՆ փոխնախարարի պնդմամբ, այս ընթացքում որևէ ՀԿ-ից սկզբունքային առարկություն և բողոք չեն ստացել:

 

«Սա նշանակում է, որ հասարակական անհամաձայնության լուրջ ալիք այս պահին չկա»,- նկատեց Խաչիկյանը:

 

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ նախագծում առաջարկվող փոփոխություններով Հակակոռուպցիոն խորհրդի կազմում նախկին 2-ի փոխարեն, այժմ կարող է ներգրավվել 5 ՀԿ:

 

«Կարծում եմ, որ սա շատ լավ խթան է, որպեսզի ոլորտում ասելիք ունեցող ՀԿ-ները գործնական մասնակցություն ունենան ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասաց Դոյդոյանը:

 

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանն առաջարկեց, որպեսզի պետական կառույցներն ու հատկապես Արդարադատության նախարարությունն ուշադրություն դարձնեին հակակոռուպցիոն քննչական մարմնի կառուցվածքում օպերատիվ հետախուզական ստորաբաժանումների ձևավորման մեխանիզմներին:

 

«Ըստ ռազմավարության նախատեսված է տարբեր այլ ուժային կառույցներից օպերատիվ ստորաբաժանումների տեղափոխման խնդիր: Այդ տեղափոխումը կարող է առաջ քաշել լուրջ խնդիրներ, հատկապես գաղտնիության սահմանափակումների վերաբերյալ»,- ասաց Մարտիրոսյանը:

 

Արձագանքելով «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցչի առաջարկին՝ Խաչիկյանն ընդգծեց, որ իրենք իրենց մոտ նույնպես քննարկման առարկա են դարձրել այդ մարմինների մոտեցումները տվյալ հարցերի նկատմամբ:

loading...