Դերասան Սերգեյ Մաղալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 12-ին


Դերասան Սերգեյ Մաղալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա  հուլիսի 12-ին
Հուլիս 8 20:27 2019

ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Մաղալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը 18:00-20:00, Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Հայաստանի թատերական գործիչների միությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ վերջին հրաժեշտը կլինի հուլիսի 13-ին, ժամը 12:00-14:00, Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոնից:

Հուլիսի 8-ին, 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է Կ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Մաղալյանը: Սերգեյ Մաղալյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 6-ին: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1984 թվականից աշխատում էր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Թատրոնում կերտել է ավելի քան 90 դեր, որոնցից են` Գ. Գորինի «Հիշատակման  աղոթք» (Տևիե), Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Ֆամուսով), Ա. Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ» (Կրուտիցկի), Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Ա. Գրիգորյանի, Մ. Մարինոսյանի «Փշրված շղթա» (Այր), Բրիկերի, Լասեգի «Ախ, այդ ֆրանսիական հնարքները» (Լամար), Լ. Շանթի «Կայսր» (Վասիլ), Ա. Չեխովի «Երեք քույր» (Չեբուտիկին) և այլն: 2007 թվականին «Երեք քույր» պիեսում կերտած Չեբուտիկինի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն դերասան» անվանակարգում: