Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների զգալի մասը Խաչատուր Սուքիասյանի «Սիլ ինշուրանս»-ն է ապահովագրում


Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների զգալի մասը  Խաչատուր Սուքիասյանի «Սիլ ինշուրանս»-ն է ապահովագրում
Հուլիս 2 15:20 2019

Թավշյա հեղափոխությունից հետո մեկ անձից կատարվող գնումներում մատակարարների փոփոխություններ են եղել:  Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների ապահովագրման մի զգալի մասն  անցել է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությանը, որը  պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին: Նա հեղափոխության աջակիցներից է, այդ մասին հայտարարել է իր մի քանի հարցազրույցներում: «Մեկ անձից կատարվող գնումների» ցանկից տեղեկացանք, որ վարչապետի աշխատակազմը 2019 թվականի փետրվարի 1-ին «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի հետ 3 մլն 745 հազար դրամի պայմանագիր է կնքել, որի շրջանակներում ԱՊՊԱ ծառայություն է մատուցվել  87 ավտոմեքենայի: Ընթացիկ տարվա մայիսին 11 ավտոմեքենայի ԱՊՊԱ-ի պայմանագիր է կնքվել «Արմենիա Ինշուրանս» ընկերության հետ: Պայմանագրի արժեքը կազմել է ընդամենը 198 հազար դրամ: 2018 թվականին վարչապետի աշխատակազմի 90 ավտոմեքենայի ԱՊՊԱ-ն ևս իրականացրել է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունը: Ծառայության համար վճարվել է 2 մլն 313 հազար դրամ: Ծառայությունների մատուցման պայմանագիրը կառավարության և «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության միջև կնքվել է 2018 թվականի սեպտեմբերին՝ հեղափոխությունից չորս ամիս անց: 2018-ի առաջին կիսամյակում, սակայն, վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների ԱՊՊԱ-ն իրականացրել է նաև «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունը: 1 մլն 249 հազար դրամի շրջանակներում իրականացվել է 89 ավտոմեքենայի ապահովագրություն: Այս պայմանագրով ծառայությունների մատուցման ժամկետները եղել է 2018-ի մայիսից մինչ հուլիս: Նշենք, որ մամուլի բազմաթիվ հրապարակումներում  «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը կապվում է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի անվան հետ: Սակայն պետական ռեգիստրի տվյալների համաձայն ընկերության հիմնադիրները Հովիկ Շահինյանն ու Վահան Գաբրիելյանն են: Հավելենք, որ 2018-ին՝ մինչ իշխանափոխությունը, վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների ապահովագրման գործում ներգրավված է եղել նաև «Ինգո Արմենիա» ընկերությունը, բայց զգալի քիչ ծավալով: Այս ընկերությունը ծառայություններ է մատուցել 813 հազար դրամի շրջանակներում, իսկ 2017-ին՝ 970 հազար դրամի: «Ինգո Արմենիա» ընկերությունն առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի անվան հետ է կապվում: 2017-ին վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների զգալի մասի  ԱՊՊԱ-ն իրականացրել է «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը: 1 մլն 100 հազար դրամի շրջանակներում իրականացվել է  23 ավտոմեքենայի ԱՊՊԱ:  2017թ․-ին կառավարության 14 ավտոմեքենա ապահովագրվել է «Ռոսգոստրախ Արմենիա» ընկերության կողմից՝ 500 հազար դրամով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am