Տեղի ունեցավ Ալեքսանդր Իրադյանի Testimonium գործի համաշխարհային պրեմիերան


Տեղի ունեցավ Ալեքսանդր Իրադյանի Testimonium գործի համաշխարհային պրեմիերան
Հունիս 28 18:11 2019

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը ինքնատիպ համերգ ներկայացրին դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի հետ: Հունիսի 27-ինԿոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Իրադյանի ղեկավարությամբ հնչեցին Մալերի, Չայկովսկու, Միրզոյանի ստեղծագործությունները: Համերգի ընթացքում հնչեցին ստեղծագործություններ, որոնք այս կամ այն չափով հիմնաքարային են եղել կոմպոզիտոր և դիրիժոր Իրադյանի մասնագիտական գործունեության մեջ։

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև Իրադյանի Testimonium երգչախմբի, լարայիններ և դաշնամուրի համար ստեղծագործության համաշխարհային պրեմիերան: Ալեքսանդր Իրադյանը գրել է իր Testimonium ստեղծագործությունը 2019 թ ձմռանը։ Testimonium-ը նվիրված է Ալեքսանդրի հոր՝ Մելքոն Իրադյանի հիշատակին։ Քանի որ Testimonium լատիներեն նշանակում է վկայություն, այն կարծես Մելքոն Իրադյանի վկայությունն է Հայաստանի անկախությանը նախորդող և անկախության առաջին տարիների մասին։

Ստեղծագործության նախանվագը մարմնավորում է 1988 թ Սպիտակի երկրաշարժի ողբերգական տրամադրությունը, 2-րդ մասը՝ Dominus-ը ցույց է տալիս հայ ժողովրդի միավորումը՝ անհատից մինչև բազմություն, ընդհանուր ցավի, իսկ այնուհետև՝ ազգային ինքնագիտակցության վերելքի ու համազգային շարժման շուրջ։

3-րդ մասը կոչվում է Ora pro nobis. այստեղ իր գեղարվեստական արտացոլանքն են ստացել մեր նորագույն պատմության ամենաբարդ շրջանի՝ այսպես կոչված «Մութ տարիների» ապրումները՝ ողողված մարդկանց համընդհանուր սոլիդարությամբ և միասնական աղոթքով: 4-րդ մասը նվիրված է արցախյան ազատամարտին, որին և ուղղված էին մարդկանց աղոթքներն այդ ժամանակ։ Ստեղծագործության ավարտը՝ Agnus Dei -ն այս տարիների բարդ զարգացումների եզրահանգումն է, հոգու հանդարտության վերականգնումը և հույսով լեցուն հայացքը դեպի առաջ։

Հավելենք, որ երեկոյի ընթացքում հանդես եկավ դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանը:

Նշենք, որ կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը ծնվել է 1990 թվականին, Երևանում։ Երաժշտական ասպարեզում առաջին և հաջողված քայլը 16 տարեկանում էր, երբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարեց իր հեղինակած դաշնամուրային կոնցերտը։ 21 տարեկանում արդեն մի շարք միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր էր Եկատերինբուրգի (Ռուսաստան) դաշնամուրային միջազգային մրցույթում արժանացել է Grand-Prix-ի, «Արամ Խաչատրյան»  միջազգային մրցույթում՝ Առաջին մրցանակի։

Դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը համագործակցել է (ղեկավարել) Komische Oper Berlin, Brandeburger Symphoniker, Bochumer Symphoniker, Magdeburg Philharmonie, Brandenburgisches Staatsorchester Frankfurt, Cottbus Oper և այլ նվագախմբերի հետ: 2018-ի հունիսին նշանակվել է Բրյուսելի ASE (AGBU String Ensemble - Brussels) լարային անսամբլի գլխավոր դիրիժոր։

2016 թվականից Իրադյանը ապրում և ստեղծագործում է Բեռլինում։