Սկզբում ինձ դժվար ընդունեցին. Վ. Խաչումյանը քոլեջի թերությունների և զարգացման իր ծրագրերի մասին (լուսանկարներ, տեսանյութ)

Սկզբում ինձ դժվար ընդունեցին. Վ. Խաչումյանը  քոլեջի թերությունների և զարգացման իր ծրագրերի մասին (լուսանկարներ, տեսանյութ)
Հունիս 17 20:44 2019

Օրեր առաջ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի սաները  հաշվետու համերգ ունեցան Առնո Բաբաջանյանի անվան  համերգասրահում: Համերգի և քոլեջի հետ կապված  մանրամասների մասին Armday.am-ը զրուցել է տնօրենի՝  ՀՀ վաստակավոր արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր,  Մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիր,ջութակահար Վարազդատ Խաչումյանի հետ:

-Պրն Խաչումյան, ինչո՞ւ որոշեցիք հաշվետու համերգը  նման ֆորմատով իրականացնել՝պրոֆեսիոնալ բեմում:

-Իրակականում, քոլեջը նման փորձ ունեցել է, սակայն երկար ժամանակով  ընդհատվել է այդ ֆորմատով համերգ-հաշվետվություն իրականացնելը: Ուսանողները դիմեցին ինձ նման խնդրանքով, և ես ուրախությամբ ընդառաջեցի նրանց: Պետք է նշեմ, որ ես միայնակ չէի կարող ոչնչի հասնել, սա թիմային աշխատանք է և շնորհակալ եմ այս թիմին, որ կարճ ժամանակում կարողացանք այս համերգը կայացնել:

-Ի՞նչ է տալիս ուսանողներին հաշվետու համերգը  պրոֆեսիոնալ բեմում  ներկայացնելը:

-Նախ նրանք հնարավորություն են ունենում մեկ բեմում ներկայանալ արդեն անվանի ու սիրված երաժիշտների հետ: Պրոֆեսիոնալ բեմում ներկայանալը նրանց համար մեծ փորձ է  իրենց ընտրած ճանապարհում հաջողության հասնելու համար:

 

-Ովքե՞ր հնարավորություն ունեն մասնակցելու այդ հաշվետու համերգներին:

-Պրոֆեսիոնալ բեմում պետք լինել մաքսիմում պրոֆեսիոնալ: Ուստի բեմում էին առավել համարձակ ու  լավ առաջադիմություն ունեցող ուսանողները: Բացի այդ ժամանակի խնդիր կար և չէինք կարող բոլորին անխտիր  հնարավորություն տալ բեմ  բարձրանալու: Հետագայում  այս հարցին ևս  պատշաճ լուծում կտանք, որպեսզի արժանի ուսանողներ դուրս չմնան համերգից:

-Համերգից հետո ի՞նչ արձագանքներ եք ստացել:

-Բազմաթիվ  դրական արձագանքներ եմ ստացել թե՛ անվանի երաժիշտների կողմից, թե՛ ծնողների և ուսանողների, որի համար  շատ շնորհակալ եմ: Ծնողները գոհ էին,  ուրախ էին: Համերգները շարունակական են լիելու ոչ միայն հաշվետության, այլ նաև այլ խորագրերով: Ուսանողներ կային, որ կամավորության պատրաստկամություն հայտնեցին,ինչը  շատ կարևոր բան է: Ուսանողի մեջ մարդկային կարևոր գծեր է ձևավորվում, մարդկային արժեքները բարձր են դառնում:

-Պրն. Խաչումյան, ո՞ւմ կողմից է եղել առաջարկը Ռոմանոս Մելիքյանի անվան  պետական երաժշտական քոլեջի տնօրեն լինելու:

-Բավականին երկար ժամանակ ես ու իմ երաժիշտ ընկերները ուսումնասիրում էինք քոլեջի գործունեությունը, և ցավոք սրտի,  նկատեցինք, որ շատ բացեր կան այս երաժշտական հաստատությունում: Որոշեցի մասնակցել տնօրենի հաստիքի համար հայտարարված մրցույթին և արժանացա հավանության:

-Ի՞նչ փուլեր էր պետք անցնել տնօրենի մրցույթում հաղթելու համար:

-Դիմել եմ  համապատասխան  հաստատություն, կրթություն ստացել   Ուսուցման ազգային հիմնադրամում,  որտեղ կրթվում են բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տնօրեն դառնալ: Կրթության  և գիտության նախարարությունում քննություն եմ  հանձնել և  ստացել լիցենզիա,որից հետո  Կառավարման խորհրդի առաջ ներկայացրել եմ հինգ տարվա զարցման իմ ծրագիրը:

Ինձանից բացի եղել է ևս չորս թեկնածու: Կառավարման խորհրդի անդամները փակ քվեարկությամբ ինձ ընտրեցին: 11- ից 9-անդամ քվեարկել է իմ  օգտին:

-Ինչպե՞ս ընդունեցին Ձեզ որպես տնօրեն, հակասություններ, անհամաձայնություններ  լինո՞ւմ են:

-Ես,այսպես ասած,  ներսի մարդ չեի, և տրամաբանական է, որ սկզբում մի քիչ դժվար ընդունեցին ինձ, բայց ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում կփոխվի ամեն բան, քանի որ գործն է կարևորը, և դա է իմ աշխատանքի բուն նպատակը:

-Ի՞նչ խնդիրներ կան քոլեջում, որոնք առաջնային լուծման  կարիք ունեն:

-Քոլեջում դասախոսի և ուսանողի համար հարմարավետ պայմաններ չկան, ես փորձելու եմ նաև այդ բացը լրացնել  իմ կապերի, սոցիալական գործընկերների շնորհիվ: Կարիք ունենք համերգասրահ ունենալու և այլն:

-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում քոլեջը զարգացնելու համար:

-Մի շատ կարևոր խնդիր եմ իմ առաջ դրել: Ես կարծում եմ, որ քոլեջները պետք է մշտապես համագործակցեն, փորձով փոխանակվեն, համատեղ նախաձեռնություններով հանդես գան:

Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի տնօրեն  Արմեն  Հարությունյանի հետ  արդեն համատեղ հաշվետու-համերգ իրականացնելու պայմանավորվածություն ունենք: Ծրագրեր շատ կան, քոլեջն էլ թերություններ շատ ունի, կրկին նշեմ, որ միայնակ ոչինչ չեմ կարող անել, թիմային աշխատանք պետք է տարվի, որպեսզի հասնենք հաջողության: Ես շատ ուրախ եմ, որ ուսանողները ադեկվատ, պատրաստակամ մարդիկ են, և նրաց հետ նույն թիմում լինելն ինձ համար հաճելի է:

 

loading...