Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի–Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ЗИЛ մակնիշի քարշակ ավտոմեքենային և դիմել փախուստի, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ЗИЛ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում, իսկ ЗИЛ-ի վրա բարձված ГАЗ 3110-ն էլ գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Մինչ վթարի վայրում զննություն էր կատարում հետաքննիչը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի տեսուչներ Մեհրաբ Հարությունյանն ու Ավետիք Վարդանյանը օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ ЗИЛ-ին հարվածած ավտոմեքենան ГАЗель է, ով ուղևորություն է վերցրել դեպի Գավառի կողմ: Ճանապարհային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են փախուստի դիմած վարորդին և նրա ավտոմեքենան:










