Այսօր՝ հունիսի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում դի կա, գրում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված փողոցի 220 տան բնակիչ, 40-ամյա Վահան Գալստյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտաբերվել, սակայն ոստիկաններն ու քննիչները ունեն օպերատիվ տեղեկություններ, որ մինչև մահանալը նրա և մեկ այլ անձի միջև (նախաքննության շահերից ելնելով, այս պահին այդ անձի ինքնությունը չենք հրապարակում) վիճաբանություն է տեղի ունեցել:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տան ներսում և դարպասի մոտ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:










