Տղաս գնա սահմանում ծառայի, որ իրենք դղյակներում ապրեն, ես՝ գոմո՞ւմ. 6 երեխաների մայրը ծայրահեղ ծանր վիճակում է (լուսանկարներ, տեսանյութ)


Տղաս գնա սահմանում ծառայի, որ իրենք դղյակներում ապրեն, ես՝ գոմո՞ւմ. 6 երեխաների մայրը ծայրահեղ ծանր վիճակում է  (լուսանկարներ, տեսանյութ)
Ապրիլ 18 10:56 2019

Հունիսին  տղայիս բանակ պիտի տանեն, բայց չեմ թողնելու գնա, դեռ ոչ-ոք չգիտի, թե ես ինչերի եմ ընդունակ: Այս  մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց Նարինե Կարապետյանը, ով արդեն  10 տարի է անասունների հետ համատեղ ապրում է գոմում:

«Չեմ թողնելու տղաս բանակ գնա:Ես շատ բաների եմ ընդունակ: Ամեն հարցով դիմել եմ պատկան մարմիններին,  ինձ ոչ ոք-չի  օգնել, տուն չունեմ, գոմում, անմարդկային պայմաններում եմ ապրում: Հիմա ես ո՞ւմ համար տղա երեխա տամ գնա սահմանի բերան կանգնի, որ  իրենք  հանգիստ քնեն իրենց դղյակներում, ես էլ խալխի գոմո՞ւմ: Մենակ թողնես աթոռի ու ջեբի  կռիվ անեն, մեր մասին ոչ-ոք չի մտածում: Երեխեքին ուղարկենք թուրքի բերան,գնան, կամ կգան, կամ չեն գա, բա մենք ի՞նչ անենք: Հինգ տղա երեխա ունեմ, ո՞ւմ համար  ուղարկեմ ծառայեն»,-ասաց  նա:

41 ամյա Նարնե Կարապետյանը  Շիրակի մարզի Հայկասար գյուղից տեղափոխվել է Մարալիկ, որպեսզի աշխատի, և երեխաներին կարողանա պահել: Նա տեղի բնակիչներից մեկի մոտ աշխատանքի է անցել, ում անասնագոմում  էլ արդեն 10 տարի ապրում է: 

Նարինե Կարապետյանը  առողջական լորջ խնդիրներ ունի, պարբերաբար անկողնային վիճակում է հայտնվում, սակայն  գումար չունենալու պատճառով չի կարողանում օգտվել բուժօգնությունից:

Չկարողանալով ապրուստի  միջոցներ հայթհայթել, նա եխաներին հանձնել է տեղի «Թռչունյաց տուն» խնամքի կենտրոն, սակայն մտադիր է օր առաջ վերադարձնել նրանց:

«Տուն չունեմ, երեխաներիս բերեմ որտե՞ղ պահեմ: Գնում-գալիս ենք, կապը կա, բայց առայժմ չենք կարող միասին ապրել:Նիկո՛լ Փաշինյան, քանի անգամ եկաք Մարալիկ, մի անգամ հետաքրքրվեցի՞ք,թե քանի անապահով ընտանիք  է ապրում այստեղ, թե՞ մենակ ձեր հա ու չեն  է հետաքրքիր: Մարալիկցիները մա՞րդ չեն»,-վարչապետին դիմեց Նարինե  Կարապետյանը:

Բազմազավակ մայրը 6  երեխա ունի, 5 տղա,  1 աղջիկ:  Փոքր երեխան 3 տարեկան է: Ամուսնուց բաժանված է: Նարինեի խոսքով՝ ամուսինը մտավոր հետամնաց է, և ապրում է Հայկասարի իրենց  տանը:

«Գոմի տերը ժամանակ է տվել, որ դուրս գանք, չգիտեմ ՝ ուր պիտի գնանք: Մարալիկի քաղաքապետին դիմել եմ, ասում է՝ գրանցում չունես, ո՞ւմ տան  վրա գրանցեմ 7  հոգու  ո՞ւմ վրա նպաստը կտրեմ: Ինձ ոչինչ պետք չէ, միայն տուն, թեկուզ վարձով, որ կարողանամ երեխաներիս հետ ապրել: Կաշխատեմ, կփակեմ վարձերը, ուղղակի հիմա շատ պարտքեր են կուտակվել վրաս, միայն նպաստով չեմ կարողանում լուծել բոլոր հարցերը»,-ասաց բազմազավակ մայրը:

Մանրամասները ՝ տեսանյութում:

 Կարինե Գևորգյան