Հեղափոխություն չի եղել, դա պարզապես իշխանափոխություն էր:Նույն իշխանության մնացորդներն են: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց համացանցում տեսանյութից հայտնի դարձած Աշոտ Դալլաքյանը, ով պաշտպանում էր Վանաձորում 20 -րդ դպրոցի աշակերտների շահերը: Armday.am-ը քաղաքական,հասարակական և այլ հարցերի շուրջ զրուցել է Աշոտ Դալլաքյանի հետ.հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
-Աշոտ, քանի՞ տարեկան եք, կպատմե՞ք Ձեր մասին:
-17 տարեկան եմ: Ստեղծագործում եմ 12 տարեկանից: Նաև երգում եմ, ինձ ճանաչում են, որպես աշուղ ԱՇՐԱՖ:
-Որտե՛ղ եք սովորել:
-Սովորել եմ Անդրանիկ Մարգարյանի անվա քաղաքագիտական դպրոցում:
-Իսկ ստեղծագործելու շնորհը որտեղի՞ց է գալիս: Ընտանիքում ստեղծագործողներ, երգողներ կա՞ն:
-Ստեղծագործելս բնատուր շնորհ է, որի համար շնորհակալ եմ Աստծուն: Ընտանիքիս անդամների մեջ երգող, ստեղծագործող մարդիկ չկան:
-Հետաքրքրվա՞ծ եք մեր երկրի քաղաքական անցուդարձով:
-Այո, հետաքրքրված եմ մեր երկրի և՛ ներքին, և՛ արտաքին վիճակով: Ոչ միայն հետաքրքրված եմ, այլև մտահոգված:
-Ի՞նչ կասեք հեղափոխության մասին, ի՞նչ հույսեր ունեք:
-Հայաստանում հեղափոխություն չի եղել, իշխանափոխություն է տեղի ունեցել պարզապես:Հեղափոխության գաղափարն այլ բան է, դա ոչ-ոք չի հասկանում:
-Ո՞րն է, ըստ Ձեզ, հեղափոխության գաղափարը:
-Հեղափոխության առաջին գաղափարը ժողովրդի միավորումն է: Եթե 34 տոկոսը փողոցներում ցույց է կազմակերպում և կատարվում է թավշյա, բմբլա, բրդյա հեղափոխություն, ես դեմ եմ նման հեղափոխությանը: Ժողովրդի ձայնին ոչ-ոք ուշադրություն չի դարձնում: Նույն իշխանության մնացորդներն են:
-Ձեզ քաղաքականության մեջ տեսնո՞ւմ եք:
-Քաղաքականությունն ինձ համար հոբբի է: Հետևում եմ, տեղեկացված եմ իրադարձություններից, բայց այլ նպատակներ չունեմ: Կուսակցական պատկանելություն չունեմ, մարդ եմ, ով վեր է դասում մարդկային արժեքները և հետո կուսակցական և մնացած հարաբերությունները:
-Ի՞նչ թերություններ եք նկատել Վանաձորի կառավարման համակարգում:
-Ինձ դուր չի գալիս Լոռու մարզի մարզպետի և աշխատակիցների գործունեությունը: Դրա ապացույցը 20-րդ դպրոցում տեղի ունեցածն է, երբ երեք ձայնը հաղթում է չորս ձայնին:
-Շարունակելու՞ եք Ձեր պայքարը:
-Այո, շարունակելու եմ բողոքել: Ես մարզպետին և մյուսներին ասել եմ, որ այս քաղաքում ոչ մի անօրինականություն չի կարող տեղի ունենալ:Թող գնան, որտեղ ուզում են, անօրինականությամբ զբաղվեն: Ասպարեզ չբարձրանան բարու կերպարով ու հակառակն անեն:
-Նիկոլ Փաշինյանի կառավարումից գո՞հ եք:
-Աստված Նիկոլ Փաշինյանի հետ: Եթե մարդը ինչ-որ գործ սկսել է, թող կիսատ չմնա, բայց նրան թույլ չեն տալիս աշխատել: Բոլորն անգրագիտության վերջին էտալոնն են, իրենց գործից չեն հասկանում: Քոմմենթներով երկիր չեն կառավարում: Ուղիղ եթերները վատ միտք չէր: Ամեն օր ժողովրդին հաշվետվություն է տրվում:
-Որոշե՞լ եք ով եք դառալու ապագայում:
-Կուզենամ այնպիսի մարդ դառնալ,որ հարիր ձևով ծառայեմ իմ ժողովրդին: Իմ ողջ կյանքում ծառայել եմ հասարակությանը,այդ մասին Վանաձորում բոլորը գիտեն:
-Քաղաքական գործիչ կդառնա՞ք:
-Ես ինձ չեմ տեսնում քաղաքանության մեջ, դա շատ ծանր գործ է:
-Կուզենայի՞ք վարչապետ լինել և եթե այս պահին վարչապետ լինեիք, ի՞նչ կանեիք:
-Մեկ անգամ պատկերացրել եմ ինձ վարչապետի պաշտոնում: Եթե վարչապետ լինեի, ապա առաջին բանը այն կլիներ, որ երբեք եվրոպական ոճով չէի մտածի: ԼԳՏՊ և այլն և այլն: Եթե Երկրի քաղաքական բարձրագույն ամբիոնից ելույթ է ունենում տրանսգենդեր, ապա էլ ի՞նչ պատկերացնեմ հետագայի մասին:
-Դե՞մ եք տրանսգենդերներին:
-Ոչ միայն դեմ եմ, չեմ էլ ուզում խոսել նրանց մասին: Եթե ուզում են եվրոպա մտնել, թող գնան Եվրոպա, առաջին անգամ տեսա կյանքումս, որ երկրի քաղաքական բարձրագույն ամբիոնից տրանսգենդեր է ելույթ ունենում: Ես մեծ ցավ եմ ապրում: Դա քարոզ էր: Տեսեք, նույնիսկ նյարդայնացա այս մասին խոսելիս:
-Սիրո՞ւմ եք ուշադրության կենտրոնում լինել:
-Այդքան էլ չեմ սիրում ուշադրության կենտրոնում հայտնվել:
-Քննադատություններին ինչպես եք վերաբերվում: Երեկ համացանցում Ձեր հասցեին նաև քննադատություններ եղան:
-Քննադատությւններին հանդուրժողականություն եմ ցուցաբերում:
-Ի՞նչ համոզմունքներ ունեք:
-Ես ունեմ գիտակցություն: Կյանքում երբեք անհնար է, որ անմիտ ճնճղուկը բազեի ճանկից ինչ-որ որս խլի, բայց այս պարագայում, ես Լոռու մարզետին ասել եմ, որ անմիտ ճնճղուկը ես եմ, ես ինձ համարում եմ անմիտ ճնճղուկ և վատ չեմ զգում դրանից և փորձելու եմ բազեի ճանկից որս խլել: Այդ որսը արդարությունն է, որը պահանջում են 20-րդ դպրոցի աշակերտները: Ես շատ անօրինականություններ եմ բացահայտել, ադ մասին ավելի ուշ կխոսեմ :
-Ձեզ աջակցող մարդիկ շա՞տ են: Գնահատո՞ւմ են Ձեր աշխատանքը:
-Այսօր բազմաթիվ պաշտոնյաների հետ եմ հանդիպել: Ոմանց հետ ես եմ հանիպում խնդրել, ոմանք՝ իրենք են կանչել: Կան պաշտոնյաներ, որ ասում են թիկունքիս կանգնած են և ես այն ինչ անում եմ, ճիշտ եմ անում:
-Սիրո՞ւմ եք տարբերվել:
-Չեմ սիրում տարբերվել, բայց ինձ շատ հաճախ են ասում , որ տարբերվում եմ: Աստծուն շնորհակալ եմ նրա համար, ինչպիսին կամ՝ իմ բնատուր շնորհով: Այն ես ոչ միայն օգտագործում եմ ինձ համար, այլ պետականամետ շահի համար:
-Հիմնականում կոստյում եք հագնում, հատո՞ւկ եք այդպես հագնվում, ինչ -որ բան խորհրդանշո՞ւմ է:
-Կոստյումով լինելը պայմանավորված չէ որևէ բանով: Առաջին դասարանից դպրոց եմ հաճախում միշտ կոստյումով: Սիրում եմ կոստյումով լինել պարզապես:
Կարինե Գևորգյան