Վթար Եղվարդ քաղաքում. կան տուժածներ


Վթար Եղվարդ քաղաքում. կան տուժածներ
Մարտ 20 00:29 2019

Մարտի 19-ին, ժամը 20:51-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի վերջնամասում Lada Priora մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Արզնի-Շամիրամ ջրանցքը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորները՝ Ռ. Մ.-ն, Ա. Մ.-ն և Հ. Հ.-ն քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Նաիրիի ԲԿ: Այնուհետև Ռ. Մ.-ն և Ա. Մ.-ն հոսպիտալացվել են Երևան քաղաքի Արմենիա ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: