Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում ընթացող դասադուլն ու գործադուլը շարունակվում է: Բնակիչներն այսօր փակել էին միջպետական ճանապարհը:
Ինչպես հայտնել էինք, երեկ Ավշարի միջնակարգ դպրոցի նորընտիր տնօրենը հայտարարել էր, որ հրաժաական կտա, սակայն այսօր ակտիվիստները հայտնեցին, որ տնօրենը պարզապես բժշկական տեղեկանք ունի և ժամանակավոր չի հաճախում դպրոց:
ArmDay.am-ը տնօրեն Հերմինե Անդրեասյանի շուրջ լարված իրավիճակի հետ կապված, նրա և մարզպետի բարեկամական կապի մասին մանրամասներ իմանալու համար կապ հաստատեց Արարատի մարզպետարանի հետ:
«Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն ազատման դիմում չի գրել, նա տնօրենի պաշտոնում ընտրվել է օրենքին համապատասխան: Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից նրա օգտին են քվեարկել 7-ը, մեկ անձ եղել է ձեռնպահ։ Հերմինե Անդրեասյանը կշարունակի պաշտոնավարել։ Աշխատանքից չի ազատվել նաև դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանը։ Նա նույնպես կշարունակի պաշտոնավարել։ Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե՝ Հերմինե Անդրեասյանն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի բարեկամուհին է, ապա հայտնում ենք, որ վերջինս ազգակցական որևէ կապ չունի մարզպետ Սարգսյանի հետ,-ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մամլո խոսնակը:
Խոսնակը նշեց, որ մարզպետը հետևողական են լինելու, որ և՛ Ավշարի, և՛ մարզի որևէ այլ դպրոցում կամայական և անօրինական որևէ գործողություններ, ազատումներ չլինեն։ Մարզպետը կոչ է արել ծնողներին և աշակերտներին՝ չտրվել որևէ սադրանքի և հաճախել դպրոց: