Մարտի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Նեղոց համայնքի վարչական տարածքում գտնվող «Գլիզնաձոր» կոչվող հանդամասում աշխատանքներ կատարելու ժամանակ «Տ Կոնտեքշն» ՍՊԸ-ին պատկանող Կոմացո Տ155 մակնիշի 096 ԼԼ համարանիշի տրակտորի վարորդը՝ Օձուն գյուղի բնակիչ, 54-ամյա Դերենիկ Գալստյանը, տրակտորի վառելիքը ստուգելու նպատակով բարձրացել է տրակտորի վրա, որի ժամանակ հողի սահք է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տրակտորը գլորվել է ձորը, վարորդ Դ. Գալստյանը նույնպես կորցրել է հավասարակշռությունը և մոտ 70 մետր գլորվել ձորը։ Դեպքի վայր է ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 30 հրշեջ-փրկարարական ջոկատը։
Փրկարարները, քաղաքացիները և Ալավերդի բժշկական կենտրոնի բուժքույրը ձորն ընկած վարորդին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո պատգարակով մեծ դժվարությամբ դուրս են բերել երթևեկելի գոտի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև վիրավորին անմիջապես տեղափոխել են Ալավերդու հիվանդանոց։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










