Բաբկեն Տեր-Գրիգորյանը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ


Բաբկեն Տեր-Գրիգորյանը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ
Մարտ 8 17:24 2019

ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական բաժնից:

Ցավակցական խոսքում ասված է.

«Սրտի խորը ցավով տեղեկացա, որ Ստամբուլի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում իր մահկանացուն է կնքել Թուրքիո Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Մեսրոպ արք. Մութաֆյանը:

1998 թվականից լինելով Պոլսի հայոց 84-րդ գահակալը, հայ համայնքի սյուներից ու հենարաններից մեկը` իր նվիրյալ գործունեությամբ դարձավ օրինակ և  իր հարուստ գիտելիքները  ներդրեց ստանձնած առաքելության ճանապարհին:

Խառնիխուռն, դժվարին ժամանակներում մեծ հայորդին Պոլսո Հայոց Պատրիարքի պատվաբեր աթոռում կարողացավ միասնական պահել հայ համայնքը, լինել թիկունք ու աջակից:

Մեկ անգամ ևս ցավակցում եմ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հարազատներին, Պոլսո Հայոց պատրիարքարանին, տեղի հայ համայնքին»:

Հիշեցնենք, որ երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո 63 տարեկանում մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: