Կանայք ամուր թիկունք են օրենքին ու հայրենիքին ծառայող իրենց հարազատների համար. Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է կանանց


Կանայք ամուր թիկունք են օրենքին ու հայրենիքին ծառայող իրենց հարազատների համար. Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է կանանց
Մարտ 8 12:16 2019

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ։

«Ոստիկանության կոլեգիայի, ողջ համակարգի անունից և անձամբ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ:

Շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք իրենց օջախների պահապանը լինելով՝ արժանապատվորեն կրում են ոստիկանի բարձր կոչումը, լիարժեք իրականացնում հանրության ու քաղաքացու պաշտպանի առաքելությունը՝ պրոֆեսիոնալիզմով ու պատասխանատվությամբ չզիջելով տղամարդկանց:

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության կին ոստիկաններին: Շնորհավորում ու շնորհակալ եմ մեր վետերան կանանց, որոնք այսօր էլ շարքում են և ոստիկանական նոր սերնդին են փոխանցում իրենց հարուստ փորձը, հավատն ու հավատարմությունը ողջ կյանքի համար ընտրված գործին:

Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին, որոնք ամուր թիկունք են օրենքին ու հայրենիքին ծառայող իրենց հարազատների համար: Շնորհավորում եմ բոլոր կանանց: Խաղաղություն, շենություն, սիրով ու հպարտությամբ լեցուն օրեր եմ մաղթում բոլորիդ: Երջանիկ եղեք»,-նշված է ոստիկանապետի ուղերձում։