Երևանի քաղաքապետարանը կասեցրել է ապօրինի շինարարությունը


Երևանի քաղաքապետարանը կասեցրել է ապօրինի շինարարությունը
Փետրվար 26 20:50 2019

Երևանի քաղաքապետարանը կասեցրել է հերթական ապօրինի շինարարությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։

«Շինարարական աղբի կուտակման ահազանգի հետքերով օրերս Հրազդանի կիրճ այցելած մեր նկարահանող խումբն ականատես եղավ քաղաքաշինական կոպիտ խախտումներով կառուցապատման դեպքի»,– ասվում է հաղորդագրությունում:

Քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվության հիման վրա կառուցապատումն իրականացվել է համաձայնեցված նախագծի կոպիտ շեղումներով։ Այն կասեցված է, ներկայումս կառուցապատողի կողմից որևէ քաղաքաշինական գործունեություն այս տարածքում չի իրականացվում: Կազմվել է համապատասխան արձանագրություն՝ կառուցապատողին վարչական տույժի ենթարկելու համար՝ ասվում է հաղորդագրությունում։

Հրազդանի կիրճ 3 և 3/1 հասցեներում հանգստի գոտու կառուցման շինարարական թույլտվությունը քաղաքապետարանը տվել է 2017թ.-ին: Քարե շինությունների փոխարեն պետք է լինեին թեթև կոնստրուկցիաներ, սակայն կառուցապատողը նախընտրել է այս տարբերակը և դեռ ավելին՝ վերջերս էլ դիմել է նախագիծը վերահամաձայնեցնելու և կառուցապատման աշխատանքները շարունակելու խնդրանքով. Երևանի քաղաքապետարանը մերժել է նոր հայտը:

Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս հիշեցնում է բնակիչներին՝ զերծ մնալ ապօրինի կառուցապատումից ու նախագծային շեղումներից: