ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ավելացրել է «ՄԻԲՍ» ԲԿ-ին հատկացվելիք պետական ֆինանսավորումը, այն էլ՝ շուրջ 2 անգամ:
Եթե 2018-ին «ՄԻԲՍ» ԲԿ-ին տրվել է 25 միլիոն դրամ, ապա այս տարի նախատեսված է տալ 57 միլիոն 37 հազար դրամ. մի հանգամանք, որը կարելի է նույնիսկ կոռուպցիոն դրսեւորում համարել:
Տեղեկանալու համար, թե ինչու է կրկնապատկվել «ՄԻԲՍ» ԲԿ-ին հատկացվելիք պետական ֆինանսավորումը, որի տնօրենն այժմ նախարարի կինն է՝ Վարդուհի Թևանյանը, ArmDay.am-ը կապ հաստատեց ՀՀ Առողջապահության նախարարության հետ:
«Ինչ վերաբերում է «սեփական ծառը ջրելու» մղումներին, ապա Արսեն Թորոսյանը բազմիցս նշել է, որ սեփական բժշկական հիմնարկ չունի և 2011-2015թթ., 2016-2018թթ. զբաղեցրել է ՄԻԲՍ ՍՊԸ տնօրենի պաշտոնը»,-ասաց նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Խոսնակը նշեց նաև, որ մամուլում շրջանառվում է պետական պատվերի գումարների «անհամաչափ» բաշխման վերաբերյալ կեղծ տեղեկատվություն.
«Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ պետական պատվերը հատկացվում է բժշկական կազմակերպության ներկայացրած հայտի հիման վրա` հատուկ մշակված չափանիշներով, և արդեն անցյալ տարվանից պայմանավորված չի եղել անձերով: Պետպատվերի ծանրակշիռ մասը ստացել են հանրապետության մեծ և բազմապրոֆիլ հիվանդանոցները և Աստղիկ ԲԿ-ն ամենաշատ պետպատվեր ստացողներից չէ»: