Երևանում 17-ամյա «աթեիստ» տղան դանակի 23 հարվածով սպանել է «հալալ» ընկերոջը


Երևանում 17-ամյա «աթեիստ» տղան դանակի 23 հարվածով սպանել է «հալալ» ընկերոջը
Փետրվար 16 23:27 2019

1in.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց Սուրեն Մ.-ի գործի դատական քննությունը:

Այս գործը երկրորդ պտույտն է կատարում դատական համակարգում:

Ի սկզբանե այս գործով դատական ակտ է կայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մարինե Մելքոնյանի նախագահությամբ:

Դատավճիռը բողոքարկվել էր: Եվ ահա՝ վերաքննիչ քրեական դատարանը, բեկանելով դատավճիռը, գործը վերստին ուղարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննության:

1998 թվականի մայիսին ծնված Սուրենը դեպքի պահին անչափահաս էր՝ 17 տարեկան: Հիմա նա 20,5 տարեկան երիտասարդ է, բայց դատվում է որպես անչափահաս, քանի որ արարքի կատարման պահին անչափահաս էր:

Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդի օրը, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Շահսուվարյան փողոցի բակերից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Խաչիկ Ղ.-ին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով Սուրենը հարվածներ է հասցրել նրա մարմնի կենսական կարևոր նշանակություն ունեցող մասերին՝ պատճառելով հեմոպնևմոթորաքսով, հեմոպերիկարդով զուգորդված, ձախից՝ ութերորդ կողոսկրի կոտրվածքով պլևրալ խոռոչներ թափանցող, ձախ թոքի բազմաթիվ միջանցիկ ու կույր, սրտապարկի, սրտի ձախ փորոքի վնասումով, հեմոպերիտոնեումով զուգորդված, հետորովայնամզային տարածության արյունահավաքով ձախ գոտկային շրջան թափանցող ծակած-կտրած վերքեր:

Ստացած վնասվածքներից Խաչիկ Ղ.-ն գիտակցության չգալով՝ 2016 թվականի փետրվարի 9-ի վաղ առավոտյան՝ ժամը 6-ն անց 30-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է:

Սուրեն Մ.-ն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն և հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում Սուրեն Մ.-ն հայտնել է, որ հաշվառված է համապատասխան կլինիկայում՝ վարքի և հույզերի խանգարման ախտորոշմամբ:

Շուրջ 9 տարի ճանաչել է տուժող Խաչիկին, եղել են մտերիմ ընկերներ: Ընկերություն է արել նաև Աբելի, Գառնիկի ու մի քանի ուրիշ տղաների հետ:

Դեպքից մոտ երկու ամիս առաջ իր, Խաչիկի ու մի քանի տղաների հարաբերությունները սկսել են բարդանալ: Խաչիկն ու Աբելը հաճախ իրենից գումարներ են պահանջել: Սկզբում ինքը գումարներ տվել է՝ նրանք գիտեին, որ ինքը իր նկարները վաճառում է, մոտը գումար է լինում: Նրանք իրեն պարտք էին մոտ 30 հազար դրամ:

Դեպքի օրը՝ 2016 թվականի հունվարի 6-ին առավոտից ինքը տանն է եղել, նկարել է, իսկ երեկոյան շան հետ դուրս է եկել զբոսնելու և տուն է գնացել:

Ժամը 12-ից մինչև 20-ը իր հեռախոսին զանգեր են եկել Գառնիկի հեռախոսից: Խոսել է Խաչիկը՝ նա պահանջել է, որ ինքն իջնի ու գումար տա: Ինքը չի ցանկացել իջնել: Նրանք բազմիցս զանգել են, սպառնացել են, ինքը հեռախոսը վերցրել և բակ է իջել:

Բակում տեսել է Խաչիկին, Աբելին, Գառնիկին: Խաչիկը սպառնալից տոնով հարցրել է՝ փողը բերել ե՞ս: Ինքն ասել է՝ փող չկա: Խաչիկն ու Աբելը սկսել են հայհոյել, անգամ՝ ծաղրել իրեն: Ինքն ուշադրություն չի դարձրել, արհամարհել է:

Իրենք քայլել են մինչև Գառնիկենց շենքի մուտքը: Նրանք շարունակում էին ու պահանջում էին, որ նրանց հետ ինքը գնա Վլադի ծնունդին: Ինքը չի համաձայնել: Նրանք պնդել են, ծաղրական ժեստեր են արել, «հայհոյել են այդ պահով»:

Խաչիկն ավելի ակտիվ է եղել, նա իրեն «մայր» է հայհոյել: Դրանից հետո ինքն այլևս իրեն չի տիրապետել, մոտեցել է Խաչիկին, նկատել է, որ նրա ձեռքին դանակ կա: Նա ցանկացել է խփել իրեն, այդ պահին ինքը դանակը խլել է նրանից:

Խաչիկը ձեռքով խփել է իր դեմքին: Ինքը դանակով հարվածել է նրան՝ քանի անգամ՝ չի կարող ասել, շոկի մեջ է եղել, չի գիտակցել իր գործողությունների հետևանքները:

Սուրեն Մ.-ն հայտնել է, թե նպատակ չի ունեցել սպանելու, սկզբից մինչև վերջին պահը ցանկացել է հարթել վեճը՝ նկատի ունենալով, որ իրենք մտերիմ ընկերներ են, նույնիսկ չի ցանկացել Խաչիկին մարմնական վնասվածք պատճառել:

Քանի որ առաջին անգամ էր նման իրավիճակում, վախեցել է անմիջապես ոստիկանություն ներկայանալ: Բայց հասկանալով, որ պետք է իր արարքի համար պատասխան տա, հոր ուղեկցությամբ 2016 թվականի մարտի 23-ին կամովին ներկայացել է քննչական բաժին:

Սուրեն Մ.-ն հայտնել է, թե զղջում ու ցավում է կատարվածի համար՝ մինչև օրս թվում է՝ դեպքը երազի մեջ է եղել, ու Խաչիկը մինչ օրս ողջ է:

Ըստ Սուրենի՝ հայհոյանքները հնչել են մյուս տղաների ներկայությամբ, իրեն անվանել են «գ…», ասել են՝ դու ի՞նչ տղա ես…

Սուրեն Մ.-ն նշել է, որ ինքը կնքված է, կնունքի խաչ ունի: Որոշ զրույցների ժամանակ ինքն ասել է, որ կյանքին պետք է «ռեալ նայել, քանի որ մարդկային գործոնն ավելի ռեալ է»…

Ըստ Սուրենի՝ «աթեիստի թեման շոշափելու ժամանակ՝ Գառնիկենց շենքի մուտքի մոտ, Խաչիկն ասել է. «Դու ոնց վերաբերվում ես համասեռամոլներին, էդպես էլ մենք վերաբերվում ենք քո նման ռեալ մտածող մարդկանց»:

Այդ խոսակցությունն իրեն շատ է հուզել, իր կարծիքով՝ նրանք ուզում էին «աթեիստի» պիտակ կպցնել իրեն, քանի որ ինքը նրանց ցանկությունը չէր կատարել՝ գումար չէր տվել, նվեր չէր գնել:

Նախաքննության ժամանակ քննիչը հարցրել է. «Ձեր կողմից հասցված շուրջ 23 մարմնական վնասվածքները… ավելի բնորոշ են վրեժխնդիր լինելուն, այլ ոչ թե պատահական հասցված մարմնական վնասվածքների»:

Սուրեն Մ.-ն պատասխանել է՝ չի կարող ասել՝ քանի անգամ է հարվածել Խաչիկին, քանի որ չի գիտակցել ու չի տիրապետել իրեն, «պահի տակ գտնվել է շոկի մեջ»:

Սուրեն Մ.-ն հայտնել է, թե դեպքից հետո դանակը գցել է աղբարկղը, ինքը մտել է իրենց ավտոտնակ, վատ է զգացել, այնտեղ քնել է, իսկ առավոտյան փախել է ավտոտնակից: Մեկ-երկու օր եղել է փողոցում, իր տեղը չի ասել…

Սուրեն Մ.-ն նաև հայտնել է, որ աղանդավոր կամ աթեիստ չէ, ինքը քրիստոնյա է…

Տուժողի իրավահաջորդը՝ Խաչիկ Ղ.-ի մայրը, հայտնել է, թե Խաչիկը հինգ տարեկանից սպորտով է զբաղվել, վերջին տարիներին թայլանդական բոքս է պարապել: Խաչիկն ու Սուրենը ընկերություն են արել:

Դեպքի օրն ինքը աշխատանքի է եղել: Երեկոյան տուն է վերադարձել, Խաչիկն ու Աբելն իրենց տանն էին: Ժամը 20-ի սահմաններում նրանք դուրս են եկել տանից: Խաչիկն ասել է, թե տասը րոպեից կվերադառնա: Ժամը 21-ին հարևանը եկել է, իրեն ասել է, որ հագնվի, գնան հիվանդանոց՝ Խաչիկը հիվանդանոցում է: Այնտեղ իմացել է, որ Խաչիկի վիճակը ծայրահեղ ծանր է: Աբելն իրեն պատմել է, որ Սուրենն է դանակահարել Խաչիկին, որովհետև նրան ասել են՝ պետք չի աթեիստ լինել, Սուրենն էլ պատասխանել է, որ այդ հարցով իրեն բան չասեն… Հետո Սուրենը դանակով հարվածներ է հասցրել Խաչիկին…

Տուժողի իրավահաջորդը նշել է, որ իր որդին «չափված-ձևած մարդ էր», նա որևէ մեկին չի վիրավորել, չէր կարող վիրավորել, նա այդպիսի դաստիարակություն չի ստացել… Խաչիկը մոտը դանակ չի պահել…

Սուրեն Մ.-ի հայրը հայտնել է, որ իր որդին, Խաչիկը, Աբելը «հալալ ընկերներ» են եղել: Դեպքի օրը Սուրենն իրենց շանը «ման է տվել», տուն է եկել, հետո ասել է, թե տասը-տասնհինգ րոպեով պիտի դուրս գա: Ասել է, թե ընկերների հետ է: Բայց նա գնացել և ուշացել է: Ինքը լուսամուտից նայել, նրան է սպասել: Հետո պատշգամբից տեսել է նրան, նա ասել է, թե դեպք է պատահել, իրեն չփնտրեն, ասել է, թե խնդիրը Խաչիկի հետ է կապված: Նա հեռախոսը գցել է ձյան մեջ ու փախել է: Ինքն իջել է, վերցրել է նրա հեռախոսը:

Ինքն ու կինը գնացել են Խաչիկենց տուն, նրա մոր հետ գնացել են հիվանդանոց: Սուրենն իրեն ասել է, թե երկու անգամ է հարվածել Խաչիկին: Բայց հիվանդանոցում պարզվել է՝ հարվածները շատ են եղել…

Սուրենի հայրն ասել է, թե որդին դեպքից հետո է իրեն պատմել, որ ընկերները նեղել են, անպատվել, գումար են ուզել, պահանջել են նվեր գնել: Նրա 10-12 տարվա ընկերները «ծնող, մայր» են հայհոյել, «ինչ ստոր հայհոյանք ասես՝ տվել են… խեղդել են՝ ասել են՝ էս բեր, էն բեր…»: Ինքը նույնիսկ ամաչում է նրանց տված հայհոյանքները կրկնել…

2016 թվականի հոկտեմբերի 20-ին անցկացված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Սուրեն Մ.-ն ճանաչվել է մեղսունակ, դեպքի պահին նա չի գտնվել ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

2017 թվականի դեկտեմբերի 9-ին անցկացված կրկնակի դատահոգեբանական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ՝ Սուրեն Մ.-ն հանցավոր արարքը կատարելու պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Հակասական եզրակացությունների և փորձագետների հարցաքննությունների, գործով ձեռք բերված ապացույցների հետազոտման արդյունքում դատարանը եզրակացրել էր, որ Սուրեն Մ.-ի արարքը պետք է վերաորակել՝ նրա կատարածը սպանություն է՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Սուրեն Մ.-ն մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի ոչ թե 104 հոդվածի 1-ին մասով, այլ՝ 105 հոդվածի 1-ին մասով: Սուրեն Մ.-ն դատապարտվել էր 2 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի մարտի 23-ից:

Ամբաստանյալից հօգուտ տուժողի իրավահաջորդի՝պետք է բռնագանձվեր 2 միլիոն 243 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում: Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցը՝ մնացած մասով, դատարանը թողել էր առանց քննության:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել դատավարության բոլոր կողմերը՝ մեղադրողը, տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը և ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Մեղադրողը նշել էր, թե առաջին ատյանի դատարանը, կատարված արարքը վերաորակելով, թույլ է տվել դատական սխալ: Ըստ մեղադրողի՝ գործով ձեռք բերված ապացույցներով «անհերքելիորեն հիմնավորվել է» տուժողին կյանքից զրկելու՝ ամբաստանյալի դիտավորությունը՝ վերջինս հետը նախապես դանակ էր վերցրել, բազմաթիվ հարվածները հասցրել էր տուժողի կենսական կարևոր օրգանների շրջաններում:

Մեղադրողը խնդրել էր բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Սուրեն Մ.-ին մեղավոր ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, նշանակել արարքին համաչափ պատիժ:

Տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչն իրենց բողոքում

խնդրել էին բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Սուրեն Մ.-ին մեղավոր ճանաչել դիտավորյալ սպանության համար, նշանակել օրենքով սահմանված առավելագույն պատիժ, իսկ քաղաքացիական հայցը բավարարել ամբողջությամբ:

Ամբաստանյալ Սուրեն Մ.-ի շահերի պաշտպանը դատավճիռը բողոքարկել էր պատժի մեղմացման առումով՝ նշելով որ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով նախատեսված է առավելագույնը՝ 3 տարի ազատազրկում: Դատարանը արարքի կատարման պահին անչափահաս ամբաստանյալի նկատմամբ նշանակել է ամենախիստ պատիժը, «մինչդեռ պարտավոր էր պատժաչափ սահմանել նվազագույն ժամկետով»: Բողոքաբերը խնդրել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը, «նշանակել համաչափ մեղմ պատիժ»:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ռ. Մխիթարյան, Ա. Դանիելյան, Ա. Նիկողոսյան կազմով, եզրահանգել է, որ միմյանց հակասող երկու դատահոգեբանական փորձաքննությունների եզրակացությունների պարագայում դատարանը անհիմն կերպով է մերժել մեղադրողի միջնորդությունը՝ կրկնակի հանձնաժողովային դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին. «Երբ գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանք պարզելու համար նախկինում իրականացված փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությունն ինքնին կամ իր հիմքում դրված հանգամանքների ուժով կասկածելի է կամ հստակ չէ, կրկնակի փորձաքննություն նշանակելը դառնում է օբյեկտիվ անհրաժեշտություն»:

Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ ընդհանուր իրավասության դատարանի կողմից թույլ են տրվել խախտումներ, որոնք վերաքննիչ դատարանը հնարավորություն չունի վերացնելու, դրանք կարող են վերացվել ընդհանուր իրավասության դատարանի կողմից նոր քննության ընթացքում:

Վերաքննիչ դատարանը Սուրեն Մ.-ի խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ…

Վերաքննիչ դատարանը բերված վերաքննիչ բողոքները բավարարել է մասնակիորեն՝ բեկանել է դատավճիռը, գործն ուղարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Եվ ահա այդ նոր քննության շրջանակներում՝ դատական այս նիստին մեղադրողը միջնորդություն ներկայացրեց՝ Սուրեն Մ.-ի նկատմամբ դատահոգեբանական կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին:

Մեղադրողն անդրադարձավ միմյանց հակասող դատահոգեբանական երկու փորձաքննությունների եզրակացություններին՝ նշելով, որ կրկնակի փորձաքննությունն անցկացրած դատական հոգեբանը դատարանում «չի կարողացել գիտականորեն հիմնավորել իր տված եզրակացությունը»՝ թե Սուրեն Մ.-ն արարքը կատարելու պահին եղել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Ըստ մեղադրողի՝ փորձագետը եզրակացության հիմքում դրել է միայն Սուրեն Մ.-ի ցուցմունքները, այն էլ՝ նրա ցուցմունքների այն հատվածները, որոնք «կարող են համապատասխանել» ֆիզիոլոգիական աֆեկտի հատկանիշներին, փորձագետն ամբողջությամբ չի վերլուծել Սուրեն Մ.-ի ցուցմունքները, այլ «կատարել է ծաղկաքաղ»:

Մեղադրողը նշեց՝ եթե Սուրեն Մ.-ին սովորեցրած լինեին կումուլյատիվ աֆեկտին բնորոշ առանձնահատկությունները, ու նա դրանք կրկներ գործով անցկացված կրկնակի դատահոգեբանական փորձաքննության ժամանակ, փորձագետները երևի կեզրակացնեին, որ արարքը կատարելու պահին Սուրենը եղել է ոչ թե ֆիզիոլոգիական, այլ՝ կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Մեղադրողն ասաց, թե դատարանում հարցաքննված դատական հոգեբանը չի կարողացել ներկայացնել Սուրեն Մ.-ի փորձաքննության ժամանակ կիրառված գիտական մեթոդները, նա նշել է, թե Սուրենի լրացրած թեստերը մշակել է այլ հոգեբան, ստացվում է՝ եզրակացությունը ստորագրած փորձագետը խորամուխ չի եղել փորձաքննության ընթացքի ու արդյունքների մեջ…

Մեղադրողը միջնորդեց, որ դատարանը նշանակի կրկնակի դատահոգեբանական հանձնաժողովային փորձաքննություն:

Տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը միացան մեղադրողի միջնորդությանը:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը նշեց, որ ցանկանում է մեղադրողի միջնորդության դեմ գրավոր առարկություններ ներկայացնել, հետևաբար ժամանակ խնդրեց՝ առարկությունները ձևակերպելու համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում