Մարուքյանը համալսարանի ուղղությամբ «պարապ կրակոց» է արձակել դատարկ փամփուշտով. Ագրարային համալսարանն արձագանքել է


Մարուքյանը համալսարանի ուղղությամբ «պարապ կրակոց» է արձակել դատարկ փամփուշտով. Ագրարային համալսարանն արձագանքել  է
Փետրվար 14 21:51 2019

Ազգային Ժողովի այսօրվա նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված իր խոսքում անդրադարձ է կատարել Հայաստանի ազգային ագրարային համալսարանին։ 

Մարուքյանը մասնավորապես ասել էր. «Պարոն նախարար, Ագրարային համալսարանի ռեկտոր եք նշանակել ձեր մտերիմներից, որն իրեն 855 հազար դրամ աշխատավարձ է սահմանել՝ նախկին 554-ի փոխարեն: Իր գործավարի համար սահմանել է 190 հազար դրամ աշխատավարձ, մինչդեռ գիտությունների դոկտոր-պրոֆեսորը շարունակում է 175 հազար դրամ ստանալ: Նա օպտիմալացում է անում՝ մեկ բաժին է բացել, որում մի աշխատող կա, բայց պետ էլ կա, նաեւ՝ լրատվության բաժին է բացել:  Սա ի՞նչ է, եթե ոչ կոռուպցիա: Ինչի կոռուպցիան միայն կաշառք տալ-վերցնե՞լն է…Կոռուպցիան նաեւ հովանավորչությունն է, հովանավորում եք մի մարդու, որը եկել-թալանում է, բայց՝ թղթերով է թալանում (Սերժն ասում էր՝ ամեն ինչ թղթերով է): Դրանով զբաղվեք, իսկ Էդմոն Մարուքյանը ՀՀ քաղաքացի է»:

ArmDay.am-ի հետ զրույցում համալսարանի լրատվաան բաժինը մեկնաբանեց պատգամավորի ելույթը.

«Ստիպված ենք պատգամավորին հիշեցնել կամ տեղեկացնել, որ համալսարանի ռեկտորին նախարարը չի նշանակում, այլ ընտրում է բուհի հագաբարձուների խորհուրդը: Երկրորդ, հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկությամբ համալսարանի ռեկտոր ընտրված Վարդան Ուռուտյանը ԿԳ նախարարի մտերիմը չէ և երբևէ չի եղել: Ինչ վերաբերում է աշխատավարձին, նախ նշված գումարն արտացոլում է ռեկտորի աշխատավարձը՝ ներառյալ հարկերը: Բացի այդ, բարձրացել են ոչ միայն ռեկտորի, այլև համալսարանի ևս 330 հոգու աշխատավարձերը: Ընդ որում, դա արվել է նվազագույն ծախսերով: Մի՞թե իրավաբանության և պատգամավորական աշխատանքի մեջ «թրծված» պարոն Մարուքյանի համար աշխատավարձի բարձրացումը կոռուպցիա է: Ի դեպ, վերոնշյալ գումարը Ագրարային համալսարանի նման հսկա կառույցի ղեկավարի համար, մեղմ ասած, բարձր չէ, մանավանդ՝ համեմատության մեջ դնելով չափերով համարժեք այլ պետական բուհերի ռեկտորների աշխատավարձերի հետ:

Մարուքյանին մոլորության մեջ գցող հանգամանքները կամ աղբյուրներն ակնհայտորեն բավարար խորաթափանցություն չեն դրսևորել նաև «մեկ աշխատող և մեկ պետ ունեցող բաժնի» աշխատանքը գնահատելիս՝ այն պարզ պատճառով, որ մեկ աշխատողով բաժին համալսարանում չկա:

Համալսարանում մեկնարկած կառուցվածքային բարեփոխումները, մասնավորապես օպտիմալացումը «դասական» մարուքյանական ոճով ներկայացնելուց առաջ կարելի էր հետաքրքրվել և իմանալ, որ համալսարանում մարդկանց հնարավորություն է տրվում համակարգչային ծրագրակազմերի անվճար դասընթացների միջոցով բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը և մրցունակությունը: 300-ից ավելի ուսանողներ և դասախոսներ մեծագույն ցանկությամբ մասնակցում են դասընթացներին: 100-ից ավելի դասախոսներ էլ ներգրավված են անգլերենի ուսուցման տարբեր մակարդակների դասընթացներում: Որակավորման բարձրացման պահանջարկը և համալսարանի նոր ղեկավարության օրոք ընձեռած հնարավորությունները միանգամայն համարժեք են: Էդմոն Մարուքյանի «սկզբունքային» դիրքորոշումը, ցավոք, սխալ հասցեատիրոջ է հանգել: Չենք կարծում, թե պարոն Մարուքյանն ավելի հետաքրքիր զբաղմունք չունի, քան Ագրարային համալսարանի ուղղությամբ «պարապ» կրակոցը, այն էլ դատարկ փամփուշտովվ»:

Հիշեցնենք նաև, որ  Ն.Փաշինյանը անդրադառնալով Մարուքյանի ելույթին  նշեց, որ կամ նա պետք է ապացուցի, որ հովանավորյալն է, կամ ներողություն խնդրի ԱԺ ամբիոնից: