Մարությանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է էլեկտրական տրանսպորտի զարգացման հեռանկարը


Մարությանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է էլեկտրական տրանսպորտի զարգացման հեռանկարը
Փետրվար 5 18:29 2019

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչները քաղաքապետին համագործակցության մի շարք նոր ծրագրեր են առաջարկել՝ մասնավորապես, էլեկտրական տրանսպորտի ցանցի, այդ թվում՝ մետրոպոլիտենի զարգացման և ճոպանուղու կառուցման ծրագրերին օժանդակության հարցով:  Այս մասին հաղորդում են քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակության հետ:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ քաղաքապետը կարևորել է էլեկտրական տրանսպորտի զարգացումը՝ նշելով դրա մի շարք առավելությունները, այդ թվում՝  բնապահպանական խնդիրների լուծման տեսանկյունից:

Անդրադառնալով մետրոյի նոր կայարանի կառուցմանը՝ քաղաքապետը նշել է, որ այս պահին ակտիվ քննարկումներ են ընթանում միջազգային տարբեր կառույցների և շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ ծրագիրն իրագործելու նպատակով: Քաղաքապետը նշել է, որ էլեկտրական տրանսպորտի նոր շարժակազմերի ներդրումը կարող է ընթանալ նաև տրանսպորտային բարեփոխման ծրագրի իրագործմանը զուգահեռ:

ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեն իր հերթին նշել է, որ բանկը պատրաստ է նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ու նախագծանախահաշվային ծրագրերի իրականացմամբ մասնակից դառնալ Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրին՝ ակնկալելով նաև պետության մասնակցությունը գործընթացին:   

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝  նախանշվող ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու նպատակով: