Դիարբեքիրում 1200 տարվա Աստվածաշունչ է հայտնաբերվել, այն փորձել են վաճառել գանձագողերը (լուսանկար)


Դիարբեքիրում 1200 տարվա Աստվածաշունչ է հայտնաբերվել, այն փորձել են վաճառել գանձագողերը (լուսանկար)
Փետրվար 5 16:21 2019

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիր նահանգի Քայափընար շրջանում հայտնաբերվել է 1200 տարվա 37 էջից բաղկացած Նոր Կտակարան, գտածոն առգրավվել է մի խումբ գանձագողերի ձեռքից:

Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, գործի առնչությամբ ձերբակալվել է 3 կասկածյալ, որոնք ենթադրաբար ցանկացել են վաճառել Աստվածաշունչը՝ որպես հնագույն հազվագյուտ իր:

Դիարբեքիրի հանրապետական դատախազության հրամանով կասկածյալների հանդեպ հետապնդում է իրականացվել, որի ընթացքում նրանց ձերբակալել են հենց դեպքի վայրում՝ անօրինական պեղումներ իրականացնելիս:

Գտածոն տարվել է հատուկ ուսումնասիրության: Արդեն հայտնի է, որ այն ունի առնվազն 1200 տարվա պատմություն: Աղբյուրը չի մանրամասնում, թե ինչ լեզվով է շարադրված Նոր Կտակարանը:

Հիշեցնենք, որ օրերս Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում գանձագողության մեղադրանքով 8 մարդ է ձերբակալվել, նրանցից 4-ը բարձրաստիճան ոստիկաններ էին: Հարցաքննության ընթացքում պարզ էր դարձել, որ ոստիկանները Սիլվանում պեղումներ են սկսել իրականացնել հայկական գանձեր գտնելու նպատակով:

 

 

 



[Haber görseli]

[Haber görseli]