«Զիբիլիքսի» գործով ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրենը դատապարտվեցին տուգանքի


«Զիբիլիքսի» գործով ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրենը դատապարտվեցին տուգանքի
Փետրվար 4 13:00 2019

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարկեց «Զիբիլիքս» անվանումը ստացած սկանդալային գործով դատավճիռը:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակեց վճիռները, ըստ որի՝ կաշառքի գործով անցնող երկու մեղադրյալները դատապարտվեցին նվազագույն աշխատավարձի 250.000-ապատիկի չափով տուգանքի: Ամբաստանյալ Հրայր Անտոնյանին դատարանը մեղավոր ճանաչեց՝ դատապարտելով 2,5 մլն դրամ տուգանքի:

«ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը ևս դատապարտվեց 2,5 մլն դրամ տուգանքի: Նրանք մեղադրվում են կաշառք տալու գործով, իսկ մյուսները՝ օժանդակելու:

Մեղադրյալներ Արմեն Ազոյանը, Երվանդ Բեգլարյանը, Աշոտ Գևորգյանը, Հովհաննես Գալստյանը, Մինաս Շահինյանը, Ալեքսան Խաչատրյանը, Տարոն Սարգսյանը, Սեյրան Հակոբյանը դատապարտվեցին 2,3 մլն դրամ տուգանքի, իսկ Հեղինե Փոգլարյանը՝ 2 մլն, 250 հազար դրամ տուգանքի:

Դատավորը տեղեկացրեց, որ մեկամսյա ժամկետում կարող են բողոքարկել Վերաքննիչ դատարան: Բացի այդ նրանք կարող են ներման խնդրագիր գրել և տուգանքները չվճարել:

 

Հրայր Անտոնյանին ու Ստեփան Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2017թ. մայիսի 14-ին Երեւանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում՝ նախնական համաձայնությամբ, իրենց համախոհների օժանդակությամբ, ընտրողներին տվել են կաշառք` Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար: Գործով անցնող  բոլոր ամբաստանյալները ընդունել էին իրենց առաջդրված մեղադրանքները եւ միջնորդել գործը քննել արագացված կարգով: