Երեւանում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ. ծեծկռտուքի ժամանակ գործի են դրել դանակ ու մուրճ


Երեւանում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ. ծեծկռտուքի ժամանակ գործի են դրել դանակ ու մուրճ
Հունվար 16 13:10 2019

Հունվարի 13-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Վաղարշյան 1 հասցեի բակում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում իրականացրեց անհրաժեշտ գործողությունները տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ի դեպ, մինչ ոստիկանները բերման էին ենթարկում կասկածյալներին, Երեւանի հիվանդանոցներից մեկից ոստիկանության Արաբկիրի բաժնում հնչեց ահազանգ, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 18-ամյա Արամ Սարգսյանը, որը, հետո պարզվեց, մարմնական վնասվածքներ էր ստացել Վաղարշյան 1 հասցեի բակում՝ ծեծկռտուքի ժամանակ:

Ոստիկանությունում պարզվեց, որ բերման ենթարկված բոլոր տղամարդիկ նույն բակի բնակիչներ են, իսկ վիճաբանությունը ծագել է մեքենան կայանելու հարցի շուրջ:

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ էլ Արթուր Սարգսյանը իր գազային ատրճանակով կրակոցներ է արձակել, Դավիթ Բրուտյանը՝ դանակով, Սպարտակ Սարգսյանը մուրճով, իսկ մյուս մասնակիցները ձեռքերով ու ոտքերով մարմնական վնասվածքներ են պատճառել միմյանց:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց ու վերցվեց 2 պարկուճ:

Արթուր Սարգսյանը ներկայացրել է գազային ատրճանակը, Դավիթ Բրուտյանը՝ դանակը, իսկ Սպարտակ Սարգսյանը՝ մուրճը:

Նշանակվել են փորձաքննություններ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով:

 

Քննությունը շարունակվում է: