Հունվարի 5-ին առանձնապես խոշոր չափի գողության 2 դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել Մազմանյան փողոցի բնակիչ՝ 40-ամյա Էդիկ Ոսկանյանը և հայտնել, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17։30-ից մինչև հունվարի 5-ի 16։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հավանաբար իմանալով, որ տան անդամները այդ օրերին տանը չեն լինելու, տեխնիկական միջոցների գործադրմամբ ննջասենյակների պատուհանները բացել են, ներս մտել, տակնուվրա արել գույքը և այնտեղից հափշտակել 1 մլն 500 հազար դրամ։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Հայտնի է, որ երեկ նույն ոստիկանության բաժին է դիմել նաև Փանյան փողոցի բնակիչ՝ 31-ամյա Սամվել Բադոյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 19։00-ից 21։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, հավանաբար իմանալով, որ տան անդամները բացակայում են, կոտրել են ննջասենյակի պատուհանի ապակին, մտել տուն և ննջասենյակներում պահվող զարդատուփերից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր։
Գողոնի ընդհանուր գումարը կազմում է մոտ 2 մլն դրամ։
Գողության 2 փաստերով Ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։










