ՏՄՊՊՀ-ն քննարկել է ձվի շուկայի իրավիճակը. գերիշխողները սեղմ ժամկետում պետք է տեղեկատվություն ներկայացնեն


ՏՄՊՊՀ-ն քննարկել է ձվի շուկայի իրավիճակը. գերիշխողները սեղմ ժամկետում պետք է տեղեկատվություն ներկայացնեն
Դեկտեմբեր 31 13:51 2018

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ձվի շուկայում արձանագրված իրավիճակի շուրջ։

ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ Հանձնաժողովի մոնիթորինգի խումբը վերջին երկու օրերին իրականացրած դիտանցումների արդյունքում արձանագրել է, որ պահանջարկի կտրուկ ավելացմամբ պայմանավորված՝ մի շարք խոշոր առեւտրի կետերում օրվա որոշակի ժամերի նկատվում է իրացվող ձվի ծավալների նվազում։

Քանի որ այս շուկայում կան խոշոր տնտեսվարողներ, ապա, ստեղծված իրավիճակի պատճառները հասկանալու համար Հանձնաժողովը դիմել է վերջիններին ՝պահանջելով ներկայացնել տեղեկատվություն ձվի արտադրման եւ իրացման ծավալների ինչպես նաեւ գնային քաղաքականության, մասնավորապես բացթողնման գնի վերաբերյալ։ Տեղեկատվության վերլուծությունից պարզ կդառնա, արդյոք իրավիճակը պայմանավորված է օբյեկտիվ, մասնավորապես պահանջարկի կտրուկ ավելացման, ներկրման եւ արտադրության ծավալների անկման գործոններով, թե առկա է չարաշահման ռիսկ եւ օրենդրության պահանջների խախտման փաստ:

Հիշեցնենք նաեւ, որ օրեր առաջ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից՝ օրենքին չհամապատասխանելու հիմքով արգելվել էր որոշակի խմբաքանակի ներմուծումը մեր երկիր, բացի այդ, ըստ նույն աղբյուրի 2017-ի համեմատ 2018 –ին էականորեն նվազել են ձվի ներմուծման ծավալները: ՀՀ ՏՄՊՊՀ-ը պաշտոնապես կդիմի նաեւ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության գործընկերներին՝ հասկանալու, թե ինչ գործոններով է պայմանվորված ձվի ներմուծման ծավալների նվազումը եւ որքանով կարող էր այն մանրածախ ցանցում իրացման խնդիր առաջացնել:

Հանձնաժողովի մոնիթորինգի եւ դիտանցումների խումբը շարունակելու է աշխատանքը նաեւ հետտոնական բոլոր օրերին՝ գերիշխող ապրանքային շուկաներում վերահսկողություն իրականացնելու եւ հնարավոր չարաշահումների ռիսկը բացառելու նպատակով: Մրցակցության կանոնների խախտման դեպքում Հանձնաժողովը կկիրառի օրենքով սահմանված համապատասխան միջոցներ: